18/10/2021

News and Analitics

Գյումրու քաղաքապետի թեկնածուներից ովքեր չեն մասնակցի հեռուստաբանավեճին

Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին մի քանի օր է մնացել, ավարտին են մոտենում քարոզարշավները: Վաղը՝ հոկտեմբերի 15-ին, Գյումրու քաղաքապետի թեկնածուները Հանրային հեռուստաընկերության կազմակերպած դեբատում (քննարկում-բանավեճ) վերջին հնարավորությունն ունեն ընտրողների առաջ  ներկայանալու: Տեղեկացանք, որ ընտրությանը հայտ ներկայացրած 10 քաղաքական ուժերից միայն 8-ի քաղաքապետի թեկնածուներն են մասնակցելու հաղորդմանը:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը առողջական խնդիրների պատճառով չի ներկայանալու: Ինչպես տեղեկացրել էինք, նա վարակվել էր կորոնավիրուսով, հոսպիտալացվել էր Գյումրու բժշկական կենտրոնի տրիաժ-բաժանմունքում, ապա տեղափոխվել մայրաքաղաք: Մյուս թեկնածուն, որը չի մասնակցելու դեբատին, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանն է:

ՀՀԿ ցուցակով ավագանու թեկնածու Նարեկ Միրզոյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝  ասելով․ «Այո, մեր թեկնածուն չի մասնակցելու, քանի որ հաղորդման ֆորմատն այնպիսին է, որ անպայման առաջին համարը պետք է մասնակցի, իսկ մեր առաջին համարն այդ օրը անհետաձգելի, վաղուց պլանավորած հանդիպում ունի» :

Հարցին՝ միթե այդ հանդիպումը դեբատից կարևոր էր, պատասխանեց․ «Այո, բավականին երկար սպասված հանդիպում է: Մենք Հանրայինին էլ ենք գրավոր ներկայացրել պատճառը, պարզապես մինչև իրենց ժամն ու օրը հստակեցվեց, մենք փոխել չկարողացանք» :

Նշենք, որ դեբատը կայանալու է Գյումրիում՝ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում, որտեղ նախապես մեծածավալ աշխատանքներ են տարվել, հաղորդումը պատշաճ անցկացնելու համար տեղադրվել են led էկրաններ, բեմահարթակ է կառուցվել: Այդ ամենի համար ծախսվել է 15մլն․ դրամ, որը տրամադրել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI):