18/10/2021

News and Analitics

ՔՊ-ի թեկնածուն ինֆարկտ է ստացել, հիվանդանոցում է

Հրապարակ թերթը գրում է․ Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Դավիթ Ղուլունցը օրերս ինֆարկտ է ստացել եւ հոսպիտալացվել է։ Նա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է եւ հիմա քարոզարշավի ողջ բեռն իր վրա է վերցրել քեռին։

Ղուլունցը բավականին նվաղուն ձայնով պատասխանեց մեզ՝ խնդրելով իրեն չանհանգստացնեն․«Կլավանամ, բան չկա»,- ասաց նա՝ ավելին չցանկանալով մանրամասնել՝ այս պահին հիվանդանոցո՞ւմ է, թե՞ արդեն դուրս է գրվել։

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում հետագա պայքարը, հնարավո՞ր է դուրս գա ընտրապայքարից, պատասխանեց․ «Լավ կարծիքներ ունենք, բայց որ կատարվի․․․Ես մասնակցում եմ պայքարին, ամեն ինչ էլ անելու եմ»։

Հ․Գ․-Նյութը հրապարակելուց մոտ մեկ ժամ առաջ մեզ զանգահարեց մի մարդ, որը ներկայացավ, թե Տեղ համայնքի ՔՊ ցուցակի երկրորդ համարն է՝ Միրզոյան Արամը  եւ փոխանցեց, որ ոչ թե ինֆարկտ է ստացել, այլ քովիդով է վարակվել, երբ փոխանցեցինք, որ թեկնածուն չի հերքել մեր ուղիղ հարցադրումը․«Չի կարողացել երկար խոսել», պատասխանեց նա,մինչդեռ այնքան երկար է խոսել, որ հասցրեց ասել՝ շարունակելու է պայքարը, դուրս չի գալու։