30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ադրբեջանը ակնհայտորեն դժգոհ է ռուս-իրանական գործընթացից

«30 տարի շարունակ Հայաստանը, Իրանի հետ համաձայնության գալով, օգտագործում էր Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները Եվրոպա թմրանյութերի ապօրինի շրջանառության նպատակով»: Դա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթ ԱՊՀ Վեհաժողովում: Այլ կերպ ասած, Ադրբեջանը Իրանին մեղադրում է միջազգային թմրաշրջանառության համար, այն էլ ԱՊՀ պետությունների Վեհաժողովում:

Այսինքն, Բաքուն այդ կերպ Իրանի հետ իր խնդիրները տարածում է այսպես ասած ԱՊՀ հարթակում, դրանց «կրող» դարձնելով նաև ԱՊՀ երկրներին: Իհարկե այստեղ առանցքային հարցը Ռուսաստանն է, որովհետև ԱՊՀ հարթակը գոյություն ունի, որովհետև գոյություն ունի Ռուսաստանն իր շահերով:

Հետևաբար, ասում ենք ԱՊՀ« հասկանում ենք առաջին հերթին ռուսական շահերի կծիկ կամ տիրույթ: Հետևաբար, Ալիևը անկասկած հիանալի պատկերացնելով դա, ԱՊՀ պետությունների Վեհաժողովում մեղադրանք է հնչեցնում Իրանի հասցեին, դրա համար փաստորեն պատասխանատու դարձնելով նաև Իրանին: Այս հանգամանքը անկասկած պայմանավորված է թերևս Իրան-Ռուսաստան բանակցությամբ, որ տեղի է ունենում այս օրերին և որի դրսևորումը նախ հոկտեմբերի 6-ին Մոսկվայում ՌԴ ու Իրանի արտգործնախարարների հանդիպումն էր, իսկ այսօր էլ երկու արտգործնախարարների հեռախոսազրույցը:

Ադրբեջանը ակնհայտորեն դժգոհ է ռուս-իրանական գործընթացից, թերևս նաև այն պատճառով, որ մեծ հավանականությամբ փլուզվում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան գիծը, որ փորձում էր կառուցել Ադրբեջանը դեռևս պատերազմից առաջ: Այստեղ սակայն, բանը թերևս չի սահմանափակում միայն Բաքվի դժգոհությամբ: Ալիևն ըստ ամենայնի արտահայտում է նաև Էրդողանի դժգոհությունը, քանի որ ռուս-իրանական քննարկումները մեծ հավանականությամբ որոշակիորեն շրջանցում են և Թուրքիան, իսկ 3+3-ի մասին Լավրովը հայտարարում է գուցե պարզապես Անկարայի ավելորդ հարցադրումներից խուսափելու կամ «փափուկ բարձ» դնելու համար:
Իհարկե, Իրանն ու Ռուսաստանը անկասկած հարաբերվում են միաժամանակ շատ լավ պատկերացնելով, որ ներկայիս միջազգային իրողությունների պայմաններում չեն կարող լիարժեք վստահել նաև միմյանց, և այդ իմաստով Թեհրանն օրինակ չի կարող երաշխիք ունենալ, որ Ալիևը ԱՊՀ հարթակում մեղադրանք է հնչեցնում իր հասցեին առանց Ռուսաստանի հետ նախապես համաձայնեցրած լինելու: Բոլոր դեպքերում, ակնառու է, որ ռեգիոնում Արցախի շուրջ պատերազմի հարցում «մեծ միացումից» հետո սկսել է ըստ էության «մեծ բաժանումը»՝ նոր միացումներին ընդառաջ: