30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

ԱՊՀ հարթակը հարաբերություններ պարզելու տեղ չէ

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին։ Ի պատասխան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱՊՀ հարթակը հարաբերություններ պարզելու տեղ չէ։

«Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայցեր են ներկայացրել Հաագայի միջազգային դատարան։ Այնտեղ սկսվել է դատական գործընթաց, և ես կարծում եմ, որ այդ գործընթացի շրջանակներում կարելի է հնչեցնել բոլոր մեղադրանքները։ Համենայնդեպս, մենք այդպես ենք պատրաստվում վարվել և հիմնավորել մեր դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի համատեքստում»,- ասաց Փաշինյանը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ԱՊՀ հարթակը չօգտագործել «հաշիվներ պարզելու համար»։ Այս մասին նա ասել է այսօր տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների խորհրդի նիստում, որն ընթացել է տեսակապային ֆորմատով։

«ԱՊՀ-ն հարթակ չէ առանձին հարցերի շուրջ հաշիվներ պարզելու համար։ Մենք նման լիազորություններ եւ գործառույթներ չունենք»,- ասել է Լուկաշենկոն, երախտագիտություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ ռեգիոնում տիրող իրավիճակի մասին ծանուցելու համար։ «Այնտեղ ապրում են մեր բարեկամներ եւ հայերը եւ ադրբեջանցիները»,- ասել է Լուկաշենկոն։

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձավ հայ ռազմագերիների հարցին։ Նա նշեց, որ Ադրբեջանն ավելի վաղ է հանձնել է բոլոր հայ ռազմագերիներին, քան Հայաստանն է հանձնել ադրբեջանցի ռազմագերիներին։ Ըստ Ալիևի՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ նախորդ տարվա նոյեմբերի վերջին, Հայաստանի Շիրակի մարզից 62 հոգանոց խումբը «ահաբեկչություն իրականացնելու նպատակով մուտք է գործել Ադրբեջանի տարածքներ»։

«Նրանք ձերբակալվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Եվ միջազգային կոնվենցիաների համաձայն՝ այդ «ահաբեկիչները» չեն կարող համարվել ռազմագերիներ»,- ասաց Ալիևը։

Նա նաև նշեց, որ Հայաստանի փոխանցած ականապատ դաշտերի քարտեզները շուրջ 25 տոկոսով են ճշգրիտ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը և մինչ այսօր չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող մյուս անձանց։ «Ուզում եմ ընդգծել, որ այդ հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլ նաև պատանդներին ու մյուս պահվող անձանց։ Սա զուտ հումանիտար հարց է, և մենք ակնկալում ենք դրա շուտափույթ լուծումը»,- նշեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին փոխանցել ականապատ տարածքների քարտեզները։