30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ադրբեջանը Հաագայի դատարանին ներկայացրեց «անճշտությունների տարափ»

Ադրբեջանն Արդարադատության միջազգային դատարանում ոչ թե պատասխանեց հայկական կողմի ներկայացրած մեղադրանքներին ու փաստարկներին, այլ բուն հարցից փորձեց շեղել միջազգային կառույցի ուշադրությունը:

Նիստը վերսկսվեց Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի դիրքորոշումների լսումով:

Եղիշե Կիրակոսյան (ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ) — Մեր փաստացի պնդումներին արձագանքելու փոխարեն՝ Ադրբեջանը դատարանին ներկայացրեց «անճշտությունների տարափ»: Ներկայացվեցին քաղաքական հայտարարություններ և պատմական կեղծ փաստեր, որոնք ոչ մի առնչություն չունեն այն խնդիրների հետ, որոնց հետ կապված դիմել ենք՝ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով:

Ռոբերտ Կոլբ (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) — Հիմնական փաստարկը, որի վրա հիմնվում է Ադրբեջանը, պնդում է, որ բանակցային գործընթացը դատապարտված չէր ձախողման, սակայն Հայաստանը կոպտորեն տապալել է այս բանակցությունները դեռ նախապատրաստական փուլում: Հավանաբար, այս վարկածի պատճառն այն է, որ Ադրբեջանը պատրաստվում է մի քանի օրից նախատեսվող հակընդդեմ գործի քննությանը, որովհետև նրանց ներակայացրած հայելային հայցով լսումներն են: Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել կոնվենցիայի որևէ կետ: Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին բանակցությունները ձախողելու համար և միաժամանակ տարածում ատելություն, տանջում ռազմագերիներին և ոչնչացնում Հայաստանի մշակութային ժառանգությունը:

Ադրբեջանական կողմը ձախողված փորձեր կատարեց Ալիևի ատելություն քարոզող խոսքը ներկայացնել սխալ ընկալված: Հաագայի դատարանում Հայաստանի շահերի ներկայացուցիչը հիշեցրեց՝ ներկայացված հայցն ու հրատապ միջոցի պահանջը բացառապես բխում են Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի դրույթներից:

Եղիշե Կիրակոսյան — Ադրբեջանը նշեց, որ վերջին պատերազմը մեր հայցի և միջանկյալ միջոց կիրառելու դիմումի միակ դրդապատճառն է: Թեև պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ռասայական խտրականության աղաղակող դրսևորումներով, այն ոչ մի դեպքում Հայաստանի հայցի և միջանկյալ միջոց կիրառելու դիմումի միակ պատճառը չէ: Դիմումում Հայաստանը ներկայացնում է բազմաթիվ ապացույցներ տասնամյակներ շարունակվող լուրջ և համակարգված կոնվենցիոն խախտումների վերաբերյալ: Հայաստանը համոզիչ ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող խտրական վերաբերմունքի օրինաչափության և գործելակերպի մասին, որը ենթադրում է անուղղելի վնասի հրատապ սպառնալիք: Եթե այն անարձագանք մնա, կհանգեցնի կոնվենցիայի հետագա խախտումների:

Անդրադարձ կատարվեց այսպես կոչված «ռազմավարի պուրակից» որոշ ցուցանմուշների հեռացմանը, այդպիսով Բաքուն փորձեց ներկայացնել, թե իբր խնդիրը լուծված է: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ հանգամանքը, որ Բաքուն այդ քայլին գնացել է Հայաստանի կողմից հայցը ներկայացնելուց հետո, վկայում է, որ իր խախտումներն Ադրբեջանն ընդունում է: