30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը հաջորդ ամիս անցկացվող ընտրություններին կգլխավորի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը: Նա, հիշեցնենք, Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի մահվանից հետո է նշանակվել համայնքապետի պաշտոնակատար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արփի Դավոյանի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՔՊ-ական է: «Ժողովրդի» հետ զրույցում նա նշեց, որ քաղաքի ավագանին չի գործում: «Գրիգորյանին պաշտոնավարելու բարդ ու ծանր ժամանակներ են բաժին հասել, նա փաստացի համայնքի բյուջեն տնօրինել չի կարողանում: Այսինքն՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ գումարներ, հատկացումներ չեն կատարվում, իսկ դա բավական կաշկանդիչ հանգամանք է ղեկավարի համար»,- նշեց Դավոյանը:

Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսի 25-ին՝ դեռևս լուսահոգի Ղարաքեշիշյանի պաշտոնավարման ընթացքում, Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը միաժամանակ հրաժարականի դիմում էին ներկայացրել: Առանց նրանց մասնակցության, ավագանու մյուս անդամներն արտահերթ նիստ են գումարել, ընդունել նրանց հրաժարականն ու լուծարված համարել ավագանին:

Ստեփանավանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նոյեմբերի 14-ին են նշանակված: Եվ, փաստորեն, այստեղ նույնպես իշխանությունները սեփական համայնքապետն են ուզում ունենալ: Իշխանամերձ աղբյուրները մեզ փոխանցեցին, որ Գորիսի ու Գյումրիի ընտրություններից հետո իշխանական պատգամավորները նաև Ստեփանավանում են ակտիվ քարոզարշավ իրականացնելու՝ Ստեփանավանը որևէ կերպ ձեռքներից բաց չթողնելու համար: