30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Բաքուն «խաղաց» Թեհրանի հետ, Մերկելը հաստատեց

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը որոշիչ փուլում է, Իսրայել կատարած այսպես ասած հրաժեշտի այցի ընթացքում հայտարարել է Գերմանայի հեռացող կանցլեր Անգելա Մերկելը: Նա նշել է, որ 2015-ին ձեռք բերված համաձայնությունը օգտակար էր, որը սակայն հետո կասկածի տակ դրեց ԱՄՆ նոր նախագահը:

Մերկելը նշել է, որ այդ գործում դեր է ունեցել նաև Իսրայելի կառավարությունը: Այն ժամանակ կառավարությունը գլխավորում էր Նաթանյահուն: Այժմ Նաթանյահուն վարչապետ չէ, նա ինչպես հայտնի է զիջել է կոալիցիոն նոր կառավարությանը: Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը, ինչպես նաև ԱՄՆ, Ռուսաստանն ու Չինաստանը չպետք է թույլ տան, որպեսզի Իրանը միջուկի հարստացման գործընթացում հասնի միջուկային սպառազինության հնարավորության:
Իսրայելում Մերկելի հայտարարությունները վկայում են հերթական անգամ, թե խոշոր հաշվով ինչն է Իրանի շուրջ ներկայիս լարվածության այսպես ասած առանցքում կամ խորքում, որը դրսևորվում է ադրբեջանա-իրանյան լարվածության տեսքով, իսկ Հայաստանում ընկալվում է իբրև Իրանի ընդվզում «զանգեզուրյան միջանցքի» դեմ: Այն, որ այդ «միջանցքի» օրակարգը չի բխում Իրանի շահից ու հետաքրքրությունից, անկասկած է: Սակայն այստեղ կա մի հարց և հասկանալու անհրաժեշտություն, թե ի՞նչ էր սպասվում այդ «օրակարգի»  առնչությամբ, որ Իրանից պահանջեց այդպիսի զորավարժություններ և այսպես ասած լարվածության գեներացիա:
Տեսանելի հողի վրա չկա ոչինչ, որը հիմք տա կարծելու կամ եզրակացնելու, որ «միջանցքի» հարցում սպասվում էր որևէ նոր զարգացում: Իհարկե միշտ հնարավոր է դիտարկել ադրբեջանա-թուրքական որևէ ագրեսիա, սակայն դա ևս տեսական դիտարկման շարքում էր, չկա որևէ իրական նախադրյալ, որը թույլ կտար այս պահին հավանական համարել այդպիսի մոտալուտ զարգացումը: Ըստ այդմ, ավելի ու ավելի խոսուն են նշանները, որ Թեհրանի համար «միջանցքը» այսպես ասած առիթ է, իսկ բուն պատճառները ավելի խորքային էին և Թեհրանը թերևս փորձում է միջուկային հարցում միջազգային ճնշմանը դիմակայել ռեգիոնալ մակարդակում որոշակի «պատնեշ» ձևավորելով, որպիսին կարող է լինել 3+3-ը:

Ուշադրության է արժանի, որ ամիսներ շարունակ ըստ էության լռության մատնված ձևաչափի վերաբերյալ խոսակցությունը ակտիվացավ միայն Իրանի գործողությունների, այսպես ասած իրան-ադրբեջանական լարվածության հետևանքով ստեղծված նոր մթնոլորտում: Այն, որ բուն խնդիրը հենց կապված է միջուկային ծրագրում վճռորոշ ժամանակահատվածի հետ, վկայեց դեռևս օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի զանգը Մոսկվա, որը ժամերով նախորդեց Իրանի արտգործնախարարի և ՌԴ նախարար Լավրովի հանդիպմանը:

Այդ զանգի ընթացքում Բլինքենը խոսել էր միջուկային ծրագրի մասին, իսկ հաջորդ օրն արդեն ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել էր, որ Իրանը պետք է վերադառնա բանակցության և ներկայիս վիճակը չի կարող ձգվել անվերջ: Այստեղ հատկանշական է այն, որ Բաքուն փաստորեն «խաղաց» իրավիճակի լարվածությունը գեներացնելու տրամաբանությամբ, այսինքն փաստացի դարձավ այդ գործում Թեհրանի «խաղընկերը», արդյո՞ք միայն «3+3»-ը ակտիվացնելու հաշվարկով, թե՞ Ադրբեջանին որոշակի փաստարկներ էին պետք նաև այլ հարցեր լուծելու համար: Այդ ֆոնին, Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Բաքուն ու Երևանը իրենց համար կարևոր գործընկերներ են և Թեհրանը չի գործի մեկի հետ մյուսի դեմ: Նա նշել է, որ առաջիկայում կայցելի Երևան ու Բաքու: