30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ի՞նչ խնդիրներ են լուծվել հանդիպումներում

Կրոնական առաջնորդների ձևաչափը կարևոր ձևաչափ է անկասկած, նպաստում է կողմերի միջև փոխըմբռնմանը, հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը: Խոսքը Ռուսաստանի Պատրիարքի, Կովկասի մահմեդականների առաջնորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եռակողմ հանդիպման մասին է:

«Մենք ելնում ենք նրանից, որ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Անդրկովկասում ընդհանուր իրադրության առողջացմանը, ներառյալ վստահության ամրապնդմանը, հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը և, իհարկե, մշակութային-կրոնական ժառանգության օբյեկտների պահպանմանը: Սա ևս մեկ շատ կարևոր ձևաչափ է խնդիրները հաղթահարելու և վստահության ու երկխոսության մթնոլորտ ստեղծելու համար», հայտարարել է Զախարովան: Նա նշել է, որ այդ ձևաչափով հանդիպումն առաջին անգամը չէ: Եվ, այս հանգամանքը թերևս արժանի է փոքր ինչ ավելի հանգամանալից ուշադրության: Իսկապես, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը առաջին անգամը չէ:

Առաջին անգամն է պատերազմից հետո, իսկ ահա պատերազմից առաջ եղած ժամանակաշրջանում տարբեր տարիներին եղել են մի քանի հանդիպումներ: Եվ հենց այդ հանգամանքը հարց է առաջացնում, թե ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ նախկին հանդիպումներում, եթե դրանք խոշոր հաշվով չեն ազդել ընդհանուր իրավիճակի վրա: Համենայն դեպս, այդ իրավիճակը լայն քայլերով գնացել է դեպի լայնամասշտաբ պատերազմ սկսած առնվազն 2012-13 թվականներից:

Հետևաբար հարց է առաջանում, թե այդ ընթացքում տեղի ունեցած հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումները ինչո՞վ են նպաստել, որպեսզի այդ ճանապարհը այսպես ասած չշարունակվի և հաստատվի փոխվստահության այնպիսի մթնոլորտ, որը կբացառերր օրինակ Ադրբեջանի բարձրագույն իշխանության մակարդակով հայատյացության քարոզն ու ադրբեջանական մի ամբողջ սերունդ ու հանրություն հայերի հանդեպ մահաբեր ատելությամբ լցնելը: Եթե օրինակ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Փաշազադեն աներ հակառակ քարոզ, եթե կոչ աներ ադրբեջանցիներին լցվել ոչ թե ատելության, այլ խաղաղության մղումով, ապա այդ դեպքում գոնե հասկանալի կլիներ այսպես ասած եռակողմ հոգևոր ջանքի հանգամանքը:

Բայց, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը դույզն իսկ չի նպաստել այդ երկրում խաղաղության մտայնության և մթնոլորտի տարածմանը, փորձ իսկ չի արել իշխանության ատելության քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ: Ըստ այդմ, թերևս առաջանում է պարզ հարց՝ այդ դեպքում ուրիշ ի՞նչ խնդիրներ են լուծել հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումները մինչև պատերազմը, որ ինչ որ մարդասիրական խնդիրներ լուծեն պատերազմից հետո: Համենայնդեպս երևի թե ակնառու է, որ դրված և լուծված խնդիրները որևէ կապ չեն ունեցել խաղաղության հետ:

Եվ հարց է առաջանում, ունե՞ն այդ կապը հիմա, և ո՞րն է դրա վկայությունը, ու նաև՝ գինը: Իսկ այդ հարցի պատասխանը թերևս հրապարակված մյուս տեղեկությունն է, այս դեպքում երկկողմ՝ Պատրիարք Կիրիլի և Գարեգին Երկրորդի հանդիպման արդյունքում: Համենայնդեպս, հղումն արվում է հենց այդ հանդիպմանը: Մոսկվայի Պատրիարքարանն իր Տելեգրամյան ալիքում տեղեկություն է հրապարակել, որ Ռուս ուղղափառ եկեղեցին կայացրել է Հայաստանում Թեմ հիմնելու որոշում: Այդ թեմի նորաստեղծ Հովվապետը, ըստ տեղեկության, ունենալու է «Երևանի և Հայոց» տիտղոսը: Այդպիսով, ակնառու է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին հոգևոր առաջնորդների հանդիպումներով լուծում է իր խնդիրները, իսկ ահա հայկական կողմի լուծած խնդիրները շարունակում են լինել անորոշ: