30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Կրեմլի գրոհը հայ ինքնության հենասյուների դեմ

Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչություն բացելու ՌՈՒԵ Սինոդի շտապ որոշումը լայն արձագանք է գտել ռուսական մամուլում։ Որոշումը կայացվեց Մոսկվայում Գարեգին Բ կաթողիկոսի ու Մոսկվայի պատրիարք Կիրիլ միտրոպոլիտի հանդիպումից առաջ, ինչպես նշվեց տեղեկատվական հոսքերում՝ Գարեգին Բ-ի առաջարկից հետո։

Նովայա գազետան գրում է, որ Մոսկվայում Կիրիլի, Գարեգին Բ-ի եւ Բաքվի մուսուլմանների ղեկավարի հանդիպումից երկու օր անց շտապ առցանց ռեժիմով տեղի է ունեցել Սինոդի նիստ, որտեղ որոշվել է հիմնել Երեւանյան-հայկական թեմը։ Թերթը գրում է, որ Ռուսական եկեղեցին միշտ հարգել է դեռ 4-րդ դարում հիմնված Հայ եկեղեցու ինքնիշխանությունը եւ երբեք չի ներխուժել նրա տարածք, իսկ Հայաստանում գոյություն ունեցող ռուսական եկեղեցիները ենթարկվում էին ՌԴ տարածքում գործող թեմերին։ Թերթի գնահատմամբ, Երեւանում թեմի ստեղծումը նշանակում է, որ չի ճանաչվում հայկական հիերարխիան Գարեգին Բ-ի գլխավորությամբ, թեեւ Հայ եկեղեցու անկախությունը (ավտոկեֆալիա) հազար տարով հին է ՌՈՒԵ-ից։

Թերթը գրում է, որ սա քաղաքական որոշում է, քանի որ Հայաստանում չկան առանձին թեմի համար բավարար թվով ռուսական եկեղեցիներ ու այցելուներ, եւ այդ քաղաքական որոշումը կապված է Ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանի դիրքորոշման հետ։

ՌՈՒԵ Երեւանյան-հայկական թեմի առաջնորդ Լեոնիդ

Թերթը գրում է, որ ՌՈՒԵ երեւանյան թեմի առաջնորդ է նշանակվել Մոսկվայի պատրիարքարանի արտաքին կապերի բաժնի փոխնախագահ արքեպիսկոպոս Լեոնիդը, ով ռուսական եկեղեցու «էքսպանսիայի» փորձ ունի, եւ «պատրիարք Կիրիլը նրան որոշել է նշանակել այլոց կանոնիկ տարածքների զավթման պատասխանատու»։

Կրեմլի քարոզչության գործիք Ռեգնումն իր հերթին նույնպես ընդգծում է ՌՈՒ թեմի բացման եւ Արցախյան 2020-ի պատերազմի կապը։ Ըստ հոդվածագրի՝ վիճելի է մնում հարցը, թե «որ թեմին են պատկանելու ուղղափառ հնարավոր տաճարները Լեռնային Ղարաբաղում։ Դրանք կարող էին փոխանցվել ՌՈՒԵ Բաքվի թեմին։ Բայց քանի որ Մոսկվայի պատրիարքարանն ու Հայ Առաքելական եկեղեցին պայմանավորվել են Երեւանյան-հայկական թեմի բացման մասին, չի բացառվում, որ հենց այդ թեմը կկառավարի ուղղափառներին Լեռնային Ղարաբաղում», գրում է կայքը։

Արցախում «ուղղափառ հնարավոր տաճարների» տակ պետք է հասկանալ հայկական եկեղեցիները, քանի որ ռուսական եկեղեցիներ չկան։ Ռուսական քարոզչության համար սովորական երեւույթ է հասկացությունների ու եզրաբանության նենգափոխումը։ Օրինակ, երբ ՌԴ պաշտոնյաները խոսում են Ղարաբաղում մշակութային-կրոնական ժառանգության մասին, երբեք չի նշվում հայկական բառը։ Ի դեպ, Մոսկվայում հոգեւոր առաջնորդների հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ ընդհանրապես բացակայում են Լեռնային Ղարաբաղ եւ հայկական ժառանգություն հասկացությունները։

Համատեղ հայտարարությունը Մոսկվայում

Արցախում հայկական հազարամյա եկեղեցիների յուրացումն իրականացնում է Ստալինի ստեղծած Մոսկվայի պատրիարքարանը, որը Կրեմլի քաղաքականության գործիքն է։ ՌՈՒԵ Բաքվի թեմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան, իսկ յուրացումն էլ բացատրվել է զբոսաշրջիկների ու ռուս զինվորականների հոգեւոր կարիքները բավարարելու անհրաժեշտությամբ։ «Քանի որ այդ տարածքներում չկան ռուսական ուղղափառ եկեղեցիներ, ՌՈՒԵ Բաքվի թեմին կարող են հանձնվել «հայկականի վերափոխված ալբանական ուղղափառ եկեղեցիները», գրել էին Բաքվի ԶԼՄ-ները։

Ռեգնումի հոդվածում փաստացի ակնարկվում է, որ Երեւանում ՌՈՒԵ թեմի բացումը կարող է կապված լինել այդ եկեղեցիները Բաքվի թեմին չանցնելու դիմաց։ Ինչպես տեսնում ենք, ՌՈՒԵ-ն կրկնում է Կրեմլի քաղաքական հնարքները, Կրեմլի հրահանգով իրականացնելով ռազմական գործողություններին իր հետեւանքներով գերազանցող՝ Հայաստանի դեմ կրոնական-քաղաքակրթական պատերազմը, որն ուղղված է հայկական ինքնության երկու հիմնասյուների՝ հավատքի ու լեզվի դեմ։ Սինոդի որոշման օրը Լավրովը հայտարարեց Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու ծրագրի մեկնարկի մասին։

Ռեգնումը գրում է, թե խոսք չկա հայկական եկեղեցիների յուրացման եւ Հայ առաքելական հոտի՝ ռուսական եկեղեցի գայթակղելու մասին։ Եթե դա գրում է Ռեգնումը, ուրեմն հենց դա էլ ծրագրվում է։ Կրեմլի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ենթադրում է ոչ միայն ՀՀ մասնատումը, այլեւ հայ ինքնության ոչնչացումը։ Եվ բնական է, որ այդ գործընթացը պետք է կառավարվի հենց Երեւանից՝ այդպես ավելի արդյունավետ է, բողոքներ էլ արդեն չեն լինի։

Հայ եկեղեցիների յուրացումն Ալլահշուքյուրի քմահաճույքներին վերագրող Գարեգին Վեհափառը պատկերացրե՞լ է այս քաղաքականության ծավալն ու խորությունը։