30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

«Մոռացվել» է հասարակական-քաղաքական «դիսկուրսի» մակարդակում

Ռեգիոնալ ձևաչափային հեռանկարների մասին քննարկումներում, որոնք անցնում են հիմնականում թվաբանական դիտարկումների, գումարումների կամ հանումների ներքո, գրեթե մոռացվում է մի հանգամանք: Հարավային Կովկասը գտնվում է առնվազն մեկ հստակ ձևաչափում, ընդ որում ֆորմալ առումով:

Դա Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրն է, որը պայմանական կարող ենք դիտարկել նաև այսպես ասած 28+3 ձևաչափ՝ ԵՄ 28 անդամներն ու Կովկասի երեք երկրները: Խոսվում է Կովկասի հնարավոր այս կամ այն ձևաչափի մասին, մինչդեռ մոռացվում արդեն իսկ առկան՝ ԵՄ ԱլԳ ծրագիրը: Միևնույն ժամանակ սակայն, այդ «մոռացությունը» միանգամայն բնական է ու տրամաբանական, քանի որ Եվրամիությունն ինքն էլ կարծես թե խոշոր հաշվով մոռացել է իր ծրագրի մասին: Իհարկե խոսքը բառի բուն իմաստով չէ, որովհետև Եվրոպական միությունը անգամ մշակում է ֆինանսական աջակցության փաթեթ ԱլԳ երկրներին, որոնցից Հարավային Կովկասին բաժին է հասնելու համախառն մոտ 7-8 միլիարդ եվրո: Դրանից մոտ 4 միլիարդը Վրաստանին, մոտ 3 միլիարդը Հայաստանին և մոտ 100 միլիոն Եվրո Ադրբեջանին:

Բայց, Եվրամիությունը ակտիվ քաղաքականության տեսանկյունից Կովկասում ներկայացված է բավականին թույլ, ինչն ունի իհարկե օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Առիթ ունեցել եմ ասելու, որ Կովկասում Եվրամիության ակտիվացման հեռանկարը էապես կախված է լինելու այն իրողությունից, թե դա որքանով կարող է շահեկան լինել և դրանում որքանով շահագրգռված կլինեն Միացյալ Նահանգները: Առայժմ սակայն Նահանգները կարծես թե չեն ցուցաբերում այսպես ասած միասնական Եվրամիության հարցում մեծ հետաքրքրվածություն: Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նոր նախագահ Բայդենը եվրոպական երկրներին հայտնեց, որ ԱՄՆ-ը վերադառնում է: Բայց, ԱՄՆ կարծես թե չի շտապում նպաստել Եվրոպային կուռ քաղաքականությունը վերադարձնելուն: Իսկ այստեղ, ֆորմալ իմաստով չունենալով լծակ, իրական քաղաքականության ռեժիմում Նահանգների դերն իհարկե վճռորոշ է: Սակայն, մեծ հավանականությամբ Վաշինգտոնի համար եվրոպական խաղաքարտը այսպես ասած պահեստային է, այդ թվում գուցե թե հարավկովկասյան ռեգիոնում:
Առավել ևս, որ ներկայումս այդ խաղաքարտը ինքնին բավականին «բզկտված» է արագ գործածության ենթակա լինելու համար: Ըստ այդմ, Նահանգների համար ներկայումս խնդիրը երևի թե եվրոպական մայրցամաքում քաղաքական տրամադրությունների և պրոցեսների նկատմամբ կառավարելիությունը իրական քաղաքական ռեժիմում էլ վերադարձնելն է, բացի հայտարարությունների մակարդակից, որից հետո արդեն կարող է գալ եվրոպական քաղաքականությունը հավաքելու փուլը, հաշվի առնելով արդեն որոշակի նոր իրողություններ: Այդ տեսանկյունից, հարավկովկասյան ռեգիոնում «մոռացված» եվրոպական ձևաչափը ենթակա է թերևս այդ տրամաբանությանը: Այդ տեսանկյունից կարող է որոշակի ցուցիչ լինել տարեվերջին սպասվող ԵՄ ԱԳ Վեհաժողովը:
Բոլոր դեպքերում, չնայած ռեգիոնալ պասիվությանը, Հայաստանի համար թերևս կարևոր հասարակական-քաղաքական խնդիր է եվրոպական օրակարգի պահպանությունը, նվազագույնը այն աստիճանի վրա, որը Հայաստանին թույլ կտա նախ անակնկալի չգալ՝ երբ կակտիվանա «պահեստային խաղաքարտը», ու նաև պատրաստ լինել միանգամից արձագանքել այդ քայլին, առանց ժամանակ կորցնելու: Իսկ այդ տեսանկյունից, մտահոգիչ է թերևս այն , որ Հայաստանում կարծես թե իսպառ մոռացվել է Եվրամիության հետ համապարփակ համաձայնագրի առկայությունը, դրա ուժի մեջ լինելը:

Հատկապես մտահոգության առարկա է, որ այն «մոռացվել» է հասարակական-քաղաքական «դիսկուրսի» մակարդակում: Գուցե 2,6 միլիարդի ֆինանսական փաթեթի մասին վերջնական որոշումն ու իրացման մեկնարկը աշխուժացնեն եվրոպական օրակարգը հայկական «դիսկուրսում», բայց դա կվկայի խորքային խնդրի մասին, երբ աշխուժացման ռեսուրսը բխում է փողից, այլ ոչ թե մտքից: Ի վերջո, գլխավոր խնդիրն այդ իմաստով այն է, որ Հայաստանի ու եվրաատլանտյան հանրության հարաբերությունում փողը անցնող ավելի քան երկու տասնամյակի ընթացքում այդպես էլ չվերածվեց կայուն քաղաքական մտքի: