30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

ԱՄՆ-Վրաստան կամ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերության շրջանակի հարց չէ

«ԱՄՆ-ը հանձնառու է՝ օգնելու Վրաստանին ամրապնդել պաշտպանական ուժերը և դյուրացնելու նրա եվրատլանտյան ինտեգրումը, և ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ հանդիպումներին», հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը ժամանել է Վրաստան:

Պենտագոնի ղեկավարը այցելում է Վրաստան, Ուկրաինա, Ռումինիա: Արդյո՞ք ԱՄՆ իսկապես մտադիր է էական քայլեր անել Վրաստանի պաշտպանական կարողությունը ընդլայնելու եւ ՆԱՏՕ-ի ինտեգրումը արագացնելու ուղղությամբ, թե՞ Օսթինի հայտարարությունը պայմանավորված է պարզապես Վրաստան ժամանելու հանգամանքով, իսկ Թբիլիսիից հեռանալուց հետո նա «մոռանալու» է այդ ամենի մասին:

Անկասկած է, որ այստեղ լոկ ԱՄՆ-Վրաստան կամ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերության շրջանակի հարց չէ: ԱՄՆ գործողությունները էական նշանակություն են ունենալու ռեգիոնալ անվտանգային համակարգի տեսանկյունից, ինչն իր հերթին կարող է անուղղակիորեն նպաստել այդ համակարգի «ռուս-թուրքական» պարփակում թույլ չտալու համար: Դա էլ իր հերթիան էական նշանակություն ունի Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգային խնդիրների եւ օրակարգերի տեսանկյունից, հաշվի առնելով եւ այն, որ Հայաստանն ինքը օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք գործոնների բերումով էապես սահմանափակված է իր գործողությունների միջոցով դիվերսիֆիկացիա ապահովելուն, առնվազն՝ արագ դիվերսիֆիկացիա ապահովելու հարցում: Ահա այդ համատեքստում է, որ Հայաստանի համար էլ կարեւոր է դառնում Վրաստանի ու ԱՄՆ պաշտպանական գործակցության խորացումը, Վրաստանի անվտանգային շրջանակում ԱՄՆ դերի բարձրացումը: Այստեղ իհարկե կարեւոր է հասկանալ, թե հատկապես ի՞նչ տեսքով է դա տեղի ունենալու կամ ինչ տեսքով կարող է տեղի ունենալ: ԱՄՆ-ը կընդլայնի Վրաստանում ռազմա-տեխնիկական եւ տեխնոլոգիակա՞ն, թե՞ ինստիտուցիոնալ ներկայացվածություն:

Հարկ է հիշել, որ դեռեւս 2020 թվականի ավարտին, երբ Վրաստան էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ այսպես ասած հրաժեշտի այցով, Թբիլիսին «հղում» անելով Կովկասի հետպատերազմական նոր իրադրությանը, ԱՄՆ-ին գրեթե բաց տեքստով առաջարկել էր ռազմական ներկայություն Վրաստանում: Թրամփի վարչակազմը, որին մնացել էր 1-2 ամիս, կարծես թե ընթացք չտվեց Վրաստանի այդ դիմումին: Ի՞նչպես կվերաբերի դրան Բայդենի վարչակազմը: Անշուշտ այդ առումով հետաքրքիր է իհարկե, թե արդյո՞ք Վրաստանը կկրկնի առաջարկը այս անգամ արդեն Բայդենի վարչակազմի բարձրաստիճան նախարարին հյուրընկալելիս: