30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Արարատ Միրզոյանի դեմ բռնություն կիրառողին կալանքից ազատած դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

ԲԴԽ-ում այսօր քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Նշենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է Գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։ Վարույթը վերաբերում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցի վերաբերյալ դատավոր Սերգեյ Մարաբյանի կայացրած որոշմանը։

Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը, քննելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, այն բավարարել է։ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելով՝ դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշումը բեկանել է  և քննիչի միջնորդությունը՝ մերժել։

Սերգեյ Մարաբյանը միջնորդել էր, որպեսզի իր նկատմամբ վարույթը կարճվի, որից հետո ԲԴԽ-ն գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ քննարկելով դատավոր Սերգեյ Մարաբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝խորհուրդը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել և դրան անդրադառնալ գործի վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման ժամանակ։

Դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։

Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանը, քննելով Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, որոշել է բավարարել այն, ինչը պաշտպանության կողմը վիճարկել է։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի բողոքը՝ բեկանելով Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչի դեմ էլ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։