30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Գյումրու ՔՊ շտաբում ծեծկռտուք չի եղել, պահանջում են Շիրակի մարզպետի հրաժարականը

Գյումրու ՔՊ-ի գրասենյակում այս պահին լարված իրավիճակ է: Ընտրություններում պարտվելուց հետո ՔՊ-ականները հարձակվել են միմյանց վրա ու իրար են մեղադրում պարտության մեջ: Գյումրու ՔՊ-ի մեր աղբյուրները մեզ հայտնեցին, որ հայհոյանքներով ուղեկցվող ծեծկռտուք է տեղի ունենում Շիրակի մարզպետ, ՔՊ ցուցակի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի և նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի միջև:

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել իրենցից, սակայն թե՛ Հարությունյանը, թե՛ Սարուխանյանը մեր զանգերին չպատասխանեցին: Զանգահարեցինք նաև ՔՊ-ական պատգամավոր, գյումրեցի Նազելի Բաղդասարյանին, սակայն նա էլ անջատեց մեր զանգը:

Մեզ հաջողվեց կապ հաստատել Շիրակի փոխմարզպետ Հովհաննես Զոհրաբյանի հետ, որը ևս, ըստ մեր տեղեկության, ՔՊ շտաբում էր գտնվում այդ ընթացքում:

Զոհրաբյանը մեր հարցին` ինքը հիմա էլ դեռ շտաբո՞ւմ է, պատաախանեց. «Հա, արդեն դուրս եմ գալիս»:

Ասացինք, որ մեզ տեղեկացրել են, որ շտաբում լարված է իրավիճակը, սակայն Զոհրաբյանն անմիջապես ընդհատեց մեր խոսքն ու շտապեց հերքել. «Բացարձակ, չկա տենց բան»: Տպավորություն էր` կարծես տեղյակ էր, թե ինչ պետք է հարցնենք, ու որոշեց անմիջապես կանխել հարցը:

Ասացինք` խոսքը վիճաբանության, գուցե նաև ծեծկռտուքի մասին է Շիրակի նախկին ու ներկա մարզպետներին միջև, սակայն փոխմարզպետը դարձյալ վրա բերեց, որ չկա նման բան:

Իսկ Կարեն Սարուխանյանը շտաբում եղե՞լ է, նաև քաղաքապետի իրենց թեկնածուն` Հովհաննես Հարությունյանը:

«Տարբեր ժամանակներում տարբեր եղել են իրանք, բայց Ձեր նկարագրած երևույթը չկա»,-ասաց Հովհաննես Զոհրաբյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որով պահանջում է Շիրակի մարզպետ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանի հրաժարականը ՝Շիրակի մարզպետի պաշտոնից: ՔՊ-ականը չի բացատրել իր վրդովմունքի պատճառը` խոստանալով հիմնավորել քիչ ավելի ուշ, սակայն կարելի է ենթադրել, որ խնդիրը ՔՊ-ի պարտությունն է Գյումրիում:

Ահա նրա գրառումը.

«Ես՝ Համլետ Ռուբենի Մոսինյանս, որպես ,,Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագագույն անդամներից մեկը,
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ:

Պահանջի հիմնավորումները կներկայացնեմ ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նիստում:

Առաջարկում եմ շատ շտապ հրավիրել խորհրդի նիստ»: