30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ձախողվել է ոչ թե քաղաքականությունը կամ ռազմավարությունը, այլ դրա բացակայությունն է եղել ձախողում

Հայաստանի պետականության համար վճռորոշ՝ Արցախի հարցում հայկական քաղաքականության կամ ռազմավարության գլխավոր ձախողումը, թող տարօրինակ չհնչի՝ եղել է ռազմավարության եւ քաղաքականության բացակայությունը:

Այլ կերպ ասած, ձախողվել է ոչ թե քաղաքականությունը կամ ռազմավարությունը, այլ դրա բացակայությունն է եղել ձախողում: Ընդ որում, անցյալի վրա այդ առումով առանձնապես շատ չկենտրոնանալու համար անհրաժեշտ է թերեւս արձանագրել, որ ապագայում էլ լինելու է նույնը: Այսինքն, ռազմավարություն եւ քաղաքականություն չունենալու պարագայում ունենալու ենք ձախողում: Թե ինչու չենք ունեցել անցյաում, այդ մասին խոսվել եւ խոսվում է շատ, տարբեր առիթներով, եւ խոսելու առիթներ թերեւս կլինեն, ըստ այդմ ավելի անհրաժեշտ է խոսել ներկայի եւ ապագայի մասին:

Ներկայի այն իմաստով, որ ռազմավարության, հայկական քաղաքականության մշակումը այսօր հույժ կարեւոր է, որպեսզի արցախյան հարցը վաղը չմնա առանց դրա: Որովհետեւ Հայաստանը, ուզի որեւէ մեկը, թե ոչ՝ չի մնալու առանց Արցախի հարցի, անգամ խաղաղության դարաշրջանի անշեղ նպատակադրման պարագայում: Ընդ որում, խաղաղության դարաշրջանի նպատակադրման հանդեպ թիրախավորումը առնվազն տարօրինակ է, մի շարք պատճառներով: Սակայն, ոչ միայն տարօրինակ, այլ նաեւ վտանգավոր է լինելու այն, որ դնելով խաղաղության դարաշրջանի նպատակ, Հայաստանն այդուհանդերձ գլխավոր նպատակ չդիտարկի դիմադրունակության համապարփակ բարձրացումը: Այստեղ իհարկե պետք չեն ավելորդ ռազմահայրեննասիրական կոչեր, կարգախոսներ, երգեր ու երգիչներ, ճառեր, բաժակաճառեր: Դրանք գալիս են փոխարինելու հենց բովանդակությանը, այս դեպքում՝ ռազմավարության եւ քաղաքականության բացակայությանը: Արցախի հարցում ռազմավարության եւ քաղաքականության բացակայությունը լցվել է ռազմահայրենասիրական կենացներով, հագուստներով, երգերով ու խնջույքներով: Այդ ամենի «տակից» ստիպված է եղել դուրս գալ հայրենասիրության իրական կրողը, թերեւս միակ գործնական կրողը՝ զինվորը եւ սպան: Ցավոք սրտի, մարտահրավերների ուժգնացմանը զուգահեռ, այդ բեռը կրելը դարձել է ավելի ու ավելի ծանր: Որովհետեւ, մինչ մեզանում ներքաղաքական նկատառումներով տարիներ շարունակ նենգափոխվել են խնդիրները, մեր հակառակորդներն ու մեզ շրջապատող ուժային կենտրոնները հետեւողականորեն պատրաստվել են քաղաքական, ռազմավարական խնդիրները մեր հաշվին լուծելուն: Նրանք չեն դադարեցնելու այդ պատրաստությունը եւ գործելաոճը: Հետեւաբար հարցն այն է, մենք դադարելու ենք ինքներս մեզ խաբել, թե ոչ: Այսինքն, մենք դարձյա՞լ մտածելու ենք ռազմավարության, քաղաքականության, քաղաքական մտքի հարցը ինչ որ բանով փոխարինելու մասին, թե՞ ի վերջո գնալու ենք այն ճանապարհով, որը առավելագույն համարժեքն է՝ քննարկել, ստեղծել, արտադրել, մշակել քաղաքական միտք, բովանդակություն, որը հայկական պետականության հարցի լայն համատեքստում կտա արցախյան հարցում քաղաքական սցենարների ճկունության հնարավորություն, այդպիսով ազատելով հայ զինվորին ու սպային հայկական քաղաքական մտքի իներտության բեռից, նրա վրա թողնելով միայն հայկական պետական քաղաքականության եւ ռազմավարության պածշտպանական մեխանիզմի կարեւոր մաս լինելու պատասխանատվությունը:

Ընդ որում, քննարկել եւ ձեւավորել, արտադրել ժամանակակից աշխարհին համարժեք քաղաքական միտք, նշանակում է կարողանալ զերծ լինել որեւէ կաղապարից եւ միֆից, որ մեր պատմության ընդհուպ հարյուրամյակների ընթացքում տարբեր փաթեթավորումով պարտադրվել է մեզ եւ զրկել սեփական խնդիրները դրանց սպառնալիքների լայն ճակատին համարժեք լայնությամբ դիտարկելու եւ քննարկելու կարողությունից: Ընդ որում, այդ հարցում հանրային ռացիոնալ ռեսուրսի առավելագույն արդյունավետ հավաքականություն ձեւավորելու գործում ամենից շահագրգիռ պետք է լինի քաղաքական իշխանությունը, որի վրա է լինելու որեւէ անհաջողության պատասխանատվություն: Իհարկե, այստեղ առանձին կատեգորիա է նաեւ քաղաքական ուժերի պատասխանատվությունը, որոնք հավակնում են լինել իրապես այդպիսին: Այստեղ սակայն ակնառու է, որ կա մեծ բաց, հազվադեպ բացառություններով, երբ քաղաքական ուժը ցուցաբերում է համակողմանի քաղաքական միտք գեներացնելու պատրաստակամություն, ընդ որում անկախ կուսակցական բուն քաղաքական նպատակներից եւ գաղափարախոսությունից: Այդ օրինակների սակավությունը մտահոգիչ է մի կողմից, մյուս կողմից թեկուզ սակավ օրինակները՝ հուսադրող, որ Հայաստանում կարող է տեղի ունենալ որակական ճեղքում, որն իհարկե պահանջում է համբերություն եւ իհարկե պետական ինստիտուցիոնալ զորակցություն: Պետական, ոչ իշխանական: