30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Մեզ աջակցողը  Արևմուտքն է, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանս է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն:

Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները։ «Հանդիպումը քննարկվել է ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը ՝ մեր պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի կործանարար ազդեցության և դրսից բռնի կերպով «ժողովրդավարություն» ներմուծելու  փորձերի համատեքստում», –  ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ Հայաստանի մասնակցությունը Արևմուտքի դեմ քայլերում խիստ վտանգավոր է համարում․ «Ինձ համար մտահոգիչ է նաև, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանը հարց է դնում՝ Եվրամիությանը պատասխան տալ այն սանկցիաների համար, որոնք ԵՄ-ն կիրառեց Բելառուսի ռեժիմի դեմ։ Քանի որ Բելառուսում մարդու իրավունքների ոլորտի հետ կապված վիճակը սարսափելի է՝ Եվրամիությունն այդ սանկցիաներն ուժեղացրեց։ Հիմա ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանը հարց է դնում՝ ԵԱՏՄ պետություններն անպայման պատասխանեՆ ԵՄ-ի սանկցիոն քաղաքականությանը։ Փաստորեն ԵԱՏՄ անդամ  հինգ երկրներից պահանջում են, որ իրենք, կոպիտ ասած, հակահարված տան Եվրամիությանը։ փաստորեն այդ տենդենցը հիմա կա, Ռուսաստանն ուզում է այդ թվում նաև Հայաստանին ներգրավվել Արևմուտքի դեմ ուղղված քայլերին»։

Ըստ Գրիգորյանի՝ ԱՊՀ երկրների մեջ են մտնում նաև Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, բայց նրանք Արևմուտքի դեմ գործողություններում չեն ներքաշվի․ «Չեմ կարծում, որ իրենք շատ լուրջ կընդունեն Ռուսաստանի առաջարկները։ Իսկ մեզ համար, թե՛ ԱՊՀ-ի և թե՛ ԵԱՏՄ-ի շրջանակներում նման նախաձեռնությունները վտանգ են պարունակում։ Դրանք հայ ժողովրդի ու Հայաստանի համար շատ լուրջ վտանգներ են ներկայացնում։ Ես չեմ կարծում, թե Պուտինի ասածն օրենք է ԱՊՀ  երկրների հատուկ ծառայությունների համար, բայց եթե մենք   ենթարկվենք այդ ամենին՝ ծանրագույն վիճակում կհայտնվենք»։

Քաղաքագետը շեշտում է՝ մեզ աջակցողը  Արևմուտքն է, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները․ «Եվ աջակցող են ոչ միայն ֆինանսական, տեխնիկական ու փորձագիտական մակարդակում, այլ նաև պաշտպանում են, որ մեր անկախությունը չկորցնենք։ Նույն Ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի ֆորմատի աշխատանքների վերսկսումը եղավ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պահանջով։ Ուրեմն այո՛,  մենք ծանր վիճակում ենք , բայց պետք է դիմադրենք, մեր ինքնիշխանությունը պաշտպանենք։ Ոչ ոք չի պահանջում, որ դու ենթարկվես Պուտինի ասածին։ Նրանք այն մարդիկ են, որոնք բաց տեքստով ասում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է»։