30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Պուտինը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-հայկական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրների միջեւ ստեղծվել է բովանդակալից երկխոսություն եւ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն. համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բազմադարյա ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջեւ ստեղծվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն: Ռուս-հայկական կապերի զարգացման գործում նշանակալի դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ է տալիս իրականացնել փոխշահավետ նախագծերը տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ բազմաթիվ այլ ոլորտներում»,-ասվում է հեռագրում:

Պուտինը կարեւոր է համարել, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական եւ գործնական շրջանակները կարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը եւ նշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:

«Ակնկալում եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ոգով, մեկնարկ կտա նոր նախաձեռնությունների, որոնք կօժանդակեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաեւ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը եվրասիական տարածությունում»,-հավելել է Ռուսաստանի նախագահը՝ հաջողություններ մաղթելով համաժողովի մասնակիցներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: