30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Վարդանյանը որոշիչ ստուգարք է հանձնելու

Չնայած իշխանությունը շտապեց հայտարարել, որ Քաղպայմանագրի թեկնածուները հաղթել են երկու համայնքներում՝ Դիլիջանում եւ Տաթեւում, սակայն Տաթեւում ՔՊ թեկնածուն բացարձակ հաղթանակ չի տարել, պարզապես ընտրությունների արդյունքներով առաջատարն է։

Այստեղ ընտրությանը մասնակցել է 2615 հոգի, ՔՊ-ն ստացել է 1280 ձայն, կամ ձայների 48.9 տոկոսը, իսկ ՏԻՄ օրենքով սա նշանակում է, որ միանձնյա չի կարող համայնքի կառավարում ստանձնել, պետք է կոալիցիա կազմի ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ուժերից մեկի հետ, որպեսզի իր հետ դաշնակցած ավագանու անդամների հետ կարողանա նաեւ քաղաքապետ ընտրել։

Տաթեւում անցողիկ շեմը հաղթահարել են եւս երկու ուժ՝ «Շանթ» դաշինքը, որի օգտին 949 մարդ է քվեարկել եւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի մեկենասությամբ ստեղծված նորաթուխ «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Տաթեւից մեզ լուրեր են հասնում, որ իշխանությունները բանակցում են «Ապրելու երկիր» կուսակցության հետ եւ ըստ ամենայնի կոալիցիա կկազմեն նորաթուխ այս ուժի հետ։

Այսպիսով՝ առաջիկա օրերին քաղաքականության մեջ առաջին քայլերն անող Վարդանյանը որոշիչ ստուգարք է հանձնելու եւ ընտրելու է՝ կամ իշխանության հետ է, ավելի պարզ ասած՝ հերթական իշխանական պրոյեկտն է, կամ ընդդիմություն է։