30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Անվտանգության համակարգը փոխելու բոլոր «նոր առաջարկները» պտտվում են ռուսական ռազմական ներկայության շուրջ

Անցյալ շաբաթ Մարտակերտում ռուս խաղաղապահի ներկայությամբ խաղաղ բնակչի սպանությունը քննարկումների տեղիք տվեց անվտանգության համակարգը փոխելու անհրաժեշտության շուրջ:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ «Արցախի նախկին անվտանգության համակարգը խարխլված ու ոչ գործունյա է»:

Քաղաքացիական անձի սպանության աղաղակող դեպքը պետք է առողջ հասարակության մեջ պոռթկում առաջացներ պաշտպանական կարողությունների ամրապնդման պահանջով: Բայց․․․

«Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերը և միջազգային միջնորդները չպետք է ունենան միջադեպերի պոստֆակտում գրանցման գործառույթ, այլ պետք է գործադրեն իրենց լիազորությունները և պատասխանատու լինեն միջադեպերի պատշաճ հետաքննության և դրանց կրկնության կանխման համար: Այս առումով, իրական խաղաղապահության տեսանկյունից, ռուս խաղաղապահների մշտական ​​ներկայությունը Արցախի բոլոր սահմանամերձ համայնքներում ունի որոշիչ նշանակություն », – կարծում է Արցախի օմբուդսմենը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ ասել է. «Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և եռակողմ հայտարարությանը, մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական սահմանին: Այս առումով ես առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ մեխանիզմները»:

Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունները ընգծել են «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշ քայլերի կարևորությունը հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու և հետագայում նման միջադեպերը կանխելու համար»:

Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչներն էլ առաջարկել են վրանների փոխարեն սկսել խրամատներ փորել:

Գործնականում անվտանգության համակարգը փոխելու բոլոր «նոր առաջարկները» պտտվում են ռուսական ռազմական ներկայության և դրա ֆիզիկական ընդլայնման շուրջ:

Երևանից և Ստեփանակերտից Ռուսաստանի «խաղաղապահությունը» միջազգային զսպման մեխանիզմներով «լրացնելու», ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը տարածաշրջան վերադարձնելու առաջարկների բացակայությունը և բռնության ակտերին լեգիտիմ արձագանքի բացակայությունը վկայում են հայ հասարակությանը ինքնապահպանության բնազդից զրկելու մասին: Անգամ անվտանգության ներկայիս համակարգի անարդյունավետության մասին վկայող ակնհայտ փաստերից հետո, հայ ռազմաքաղաքական վերնախավը չի առաջարկում այլընտրանքներ: Դեռ քանի՞ հոգի պետք է գերեվարվեն ու գնդակահարվեն ռուս խաղաղապահների ներկայությամբ: