29 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Գազի գինը չի բարձրանա, եթե 5-րդ էներգաբլոկի խնդիրը կարողանանք լուծել․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի համար գազի գնի շուրջ բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ անընդհատ պրոցես է, որը չի ընդհատվում և այս պահին էլ ընթանում է:Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սահմանին գազի գնի և Հայաստանի տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև մենք 2019 թվականից ծանր բանակցությունների մեջ ենք եղել, և կարծում եմ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք, բայց մենք գլոբալ իմաստով ի՞նչ խնդիր ունենք «Գազպրոմ» խմբի հետ կապված:  2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որն էլեկտրաէներգիա արտադրող ջերմակայան է: Ջերմակայանը, ցավոք, հիմա չի աշխատում: Բոլոր ներդրումները, որոնք իրականցվում են Հայաստանում «Գազպրոմ» խմբի կողմից, նույն համաձայնագրի ուժով պետք է ունենան տարեկան շուրջ 9 տոկոս եկամտաբերություն: Կայանի կառուցումը լուրջ և խոշոր ներդրում է, բայց այդ ներդրումն այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որը նախատեսված է 2013 թվականի համաձայնագրով»,- մանրամասնեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ այդ հարցն օրակարգում է, շարունակվում է քննարկումը, եթե հաջողվի այդ հարցին լուծում տալ, ապա գազի գնի վերաբերյալ կունենանք շատ կայուն իրավիճակ: Փոխվարչապետը հիշեցրեց, որ աշխարհում գազի գինն առնվազն 940 դոլարի է հասել, իսկ Հայաստանի համար 165 դոլար է: «Բայց նույնիսկ առանձին այս մասով խնդիրներ չեն առաջանալու տեսանելի ժամանակահատվածում, եթե մեզ հաջողվի 5-րդ էներգաբլոկի հետ կապված լուծումեր գտնել և աշխատանքի այնպիսի օպտիմալ ռեժիմ գտնել, որը կհամապատասխանի 2013 թվականի համաձայնագրի տրամաբանությանը»,- նշեց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին: Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ռուս-հայկական 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու, Մհեր Գրիգորյանն ասաց, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: «Մենք որոշակի պատկերացումներ և որոշակի պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումները իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում: Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե որո՞նք են Հայաստանի առաջնահերթությունները, փոխվարչապետն ընդգծեց՝ Հայաստանի առաջնահերթությունները հայտարարված են, դա ապաշրջափակումն է:

Հարցին, թե ապաշրջափակման համատեքստում կոնկրետ ի՞նչ ուղիների մասին են քննարկումներ գնում, Գրիգորյանը պատասխանեց. «Կոնկրետացված տարբերակներ չկան: Ես ասել եմ երկաթգծի հետ կապված խնդիրը մի փոքր ավելի պարզ է՝վերականգնողական տրամաբանության մեջ: Գծերը, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ, դրանց վերականգման մասին է խոսքը: Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են»: