30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ինչո՞վ են տարբերվում պատվաստանյութերը, և ինչպես ճիշտ պատվաստանյութ ընտրել

Կորոնավիրուսի համավարակը նահանջելու մտադրություն կարծես թե չունի: Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում օրեցօր նոր հայտնաբերված դեպքերի ու մահերի հակառեկորդներ են գրանցվում:

Ի՞նչն է պատճառը, որ պատվաստումների տեմպերը դանդաղում են ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ մյուս երկրներում, ի՞նչ միջոցներ պետք է կիրառեն պետությունները հակապատվաստումային քարոզի դեմ պայքարելու համար։ Այս հարցերի շուրջ «Սպուտնիկ» կենտրոնում այսօր պարզաբանումներ է տվել ՌԴ վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:

«Պատճառն ամբողջ աշխարհում տարածվող «Դելտա» շտամն է: Չեմ կասկածում, որ կան ուրիշ նոր շտամներ, որոնք դեռ ուսումնասիրված չեն, ու փաստ է, որ վարակը դարձել է ավելի արագ տարածվող, իսկ ինկուբացիոն ժամանակը կարճացել է, այսինքն՝ ավելի սրընթաց է զարգանում հիվանդությունը: Առողջապահական համակարգը ծայրահեղ ծանրաբեռնված է աշխատում: Իրավիճակը անհանգստացնող է, և անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ պատվաստումները խթանելու համար»,- կարծում է ՌԴ վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:

Հայաստանից հնչած այն հարցին, թե ինչ փուլում է Հայաստանում շշալցված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի փորձաքննությունը, որն անցկացվում է ՌԴ-ում, բժիշկը պատասխանել է, որ տեղեկություն չունի: Դա բավական երկար գործընթաց է: Նա նաև պարզաբանել է, թե ինչ տարբերություններ կան պատվաստանյութերի միջև, և արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե լիներ միայն մեկ պատվաստանյութ՝ հակասական կարծիքներից խուսափելու նպատակով:

«Ինչո՞վ են տարբերվում պատվաստանյութերը՝ բոլորը սկզբունքորեն տարբերվում են: Օրինակ՝ ռուսական պատվաստանյութը՝ «Սպուտնիկ ՎԻ»-ն վեկտորային է, երբ վիրուսի սպիտակուցի մի մասը, կոպիտ ասած, ամրացվում է մարդու ադենովիրուսին: Ի դեպ, «ԱստրաԶենեկայի» դեպքում նույն սկզբունքն է, ուղղակի էնտեղ մարդու ադենովիրուսի փոխարեն շիմպանզեի ադենովիրուսն է: Այդպիսով այդ անտիգենը հասցվում է առողջ մարդու արյան մեջ, և այդ անտիգենը արտադրում է հակամարմիններ: «Կովիվակի» դեպքում ներարկվում է ապաակտիվացված, կոպիտ ասած, մեռած կորոնավիրուս:

«Էպիվակ կորոնան» բարդ պատվաստանյութ է, այն առաջիններից մեկն է առաջարկվել, վերցնում են կորոնավիրուսի սպիտակուցի մի մասը, որը պետք է հակամարմիններ արտադրի: Ի դեպ, այդ պատվաստանյութը շատ հակառակորդներ ունի: Նրանք համոզված են, որ այն այդքան էլ արդյունավետ չէ:

Ինչ վերաբերում է «Պֆայզերին», ապա դա բարդ, մատրիցային պատվաստանյութ է: Եթե պարզ ասեմ՝ ներարկվում է ոչ թե հակագեն, այլ մատրիցա, որի հիման վրա արտադրվում է հակագեն, դրանից էլ արտադրվում են հակամարմիններ: Գուցե շատ պարզեցված եմ ասում: Գիտնակաները, հնարավոր է, ծիծաղեն ինձ վրա: Համենայնդեպս, ես այդպես եմ հասկանում: Ինձ թվում է, որ լավ կլիներ, եթե ընտրվեր այս բոլոր պատվաստանյութերից ամենալավը և ամբողջ աշխարհում արտադրվեր միայն դա, քանի որ այն արդեն ապացուցել էր իր արդյունավետությունը: Բայց տեսականորեն այստեղ կարելի է առարկել, քանի որ տարբեր մարդկանց մոտ պատվաստանյութերի նկատմամբ տարբեր հակազդեցություններ են: Մեկի համար, գուցե, ավելի ընդունելի է «Էպիվակ կորոնան», քանի որ դա ամենամեղմն է, չի առաջացնում հակազդեցություններ: Մինչդեռ, «ԱստրաԶենեկան» ընդունենք, որ սիրտանոթային համակարգի որոշակի բարդություններ է առաջացնում: Ամեն դեպքում, անհրաժեշտ են տարբեր պատվաստանյութեր, և անհրաժեշտ է ավելի մանրամասն դրանք ուսումնասիրել: Այսինքն՝ բոլոր դեպքերում բժիշկը պետք է ընդունի այդ որոշումը, թե կոնկրետ ում ինչ պատվաստանյութ առաջարկել՝ այնպես, ինչպես դա տեղի է ունենում, ասենք, հարբուխի պատվաստման ժամանակ, երբ մի շարք պատվաստանյութերից ընտրվում են կոնկրետ տեսակները»,- ասել է բժիշկը: