30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պարտվեց Գյումրիում

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, կարելի է ասել, բավական տհաճ ավարտ ունեցան իշխանությունների համար ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Գորիսում։ Երկու քաղաքներն էլ սկզբունքային նշանակություն ունեին գործող իշխանական մեծամասնության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար, եւ երկու քաղաքներում էլ իշխանությունը բավական ծանր պարտություն կրեց։ Գորիսում հաղթեց «Առուշ Առուշանյան դաշինքը», իսկ Գյումրիում՝ «Բալասանյան դաշինքը»։ Հետաքրքիր էր հատկապես Գյումրիում իշխանության կրած պարտությունը։

Գյումրին Փաշինյանի «հեղափոխության» մեկնակետ քաղաքը լինելով՝ ինչ-որ առումով դարձել էր «թավշյա Հայաստանի» սիմվոլը։ Ու նաեւ որպես հանրապետության երկրորդ քաղաք եւ մշակութային մայրաքաղաք՝ կարեւոր էր, որ մնար իշխանության ձեռքում։ Կիրակի օրը կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանին կարելի է համեմատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, ով վերջին ՏԻՄ ընտրություններում կորցրեց վերահսկողությունը մի շարք կարեւոր քաղաքներում, այդ թվում նաեւ Ստամբուլում՝ այն զիջելով ընդդիմությանը։ Թուրքիայում ասացվածք կա, թե ով տիրում է Ստամբուլին, նա տիրում է ողջ Թուրքիային։

Դժվար է, իհարկե, պնդել, որ ով Գյումրիում կարողանում է իշխանություն ունենալ, կկարողանա այլուր էլ իր իշխանությունը պահել, սակայն, ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ Գյումրին երեկվանից «մաքրեց» իր անվան վրայից «Նիկոլ Փաշինյանին աջակցող քաղաքի» համարումը կամ, ինչպես գյումրեցիները կասեին՝ «այիբը»։ Ուշագրավ է նաեւ այն, որ Փաշինյանը ոչ միայն պարտվեց Գյումրիում, այլեւ կորցրել է Գյումրիում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում մոտ 21 հազար ընտրողի ձայն։

Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պարտվեց Գյումրիում, կամ ինչո՞ւ Գյումրին մերժեց Փաշինյանին։ Պատճառները բազմաթիվ են․ դրանք կապված են ե՛ւ հետպատերազմական ծանր վիճակի հետ, ե՛ւ գյումրեցի ռազմագերիների՝ դեռեւս ազատ արձակված չլինելու, ե՛ւ իշխանություններից գյումրեցիների հիասթափության, ե՛ւ իշխանությունների հասցեին Գյումրիում իրապես հեղինակություն վայելող անձանց կողմից անցնող ամիսներին հնչեցված քննադատությունների հետ (օրինակ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, ում պատկանում է հայտնի թեզը, թե «Փաշինյանի թիմը Հայաստանը վերածեց Էրմենիստանի», թեզ, որը գյումրեցիների տրամադրությունների վրա լրջորեն ազդեց):

Դեր խաղացին նաեւ իշխանություններից գյումրեցիների ունեցած գրեթե զրոյական կախվածությունը եւ, ի վերջո, տեղի ՔՊ-ական ու Երեւանում հանգրվանած գյումրեցի պատգամավորների եւ պաշտոնյաների մեծաքանակ «սաստավի»՝ տեղում տարած սխալ աշխատանքը, ինչպես նաեւ Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանի՝ ընտրությունների գրեթե շեմին իրականացրած բավականին սխալ կադրային «ռակիրովկաները»: Եվ, ի վերջո` ՔՊ-ի ներսում եղած թայֆայական ներքին գզվռտոցը: Թայֆաներ, որոնցում նաեւ ներգրավված է գյումրեցի ՔՊ-ական «սաստավը»։

Իհարկե, նշանակություն ունեցավ նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չմասնակցեց նախընտրական պրոցեսներին, ու հիմնական ծանրությունը, ընտրությունների հետ կապված, թողել էր թիմակիցների վրա, որոնք էլ, կարելի է ասել, տապալեցին ընտրական գործընթացը՝ չկարողանալով գոնե գյումրեցիների 30 տոկոսին ոգեւորել, որ դուրս գան տնից եւ հասնեն ընտրատեղամասեր։

Իհարկե, դերակատարում ունեցավ նաեւ այն, որ գյումրեցիները գոհ են Սամվել Բալասանյանից՝ որպես քաղաքապետի, ու կողմ են, որ շարունակվի այն գիծը, որն իրականացվում է նրա եւ թիմակիցների կողմից՝ քաղաքի կառավարման գործում։ Ամեն դեպքում, կարելի է սպասել, որ ՔՊ-ն առաջիկայում կվերլուծի կատարվածն ու կանի անհրաժեշտ հետեւություններ եւ կփորձի ավելի զգուշավոր ու ճիշտ կադրային քաղաքականություն վարել տեղերում, որովհետեւ, օրինակ, «Զարթոնք» կուսակցությունը ճիշտ թեկնածու էր ընտրել` ի դեմս Վարդեւան Հակոբյանի, եւ կարողացավ Գյումրիում հաղթել ու այժմ նորակազմ ավագանիում կունենա մեծությամբ երրորդ խմբակցությունը։