30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Պեսկովին կամ նրա անմիջական ղեկավարին հազիվ թե օգնի Էրդողանի մտքերին օրիգինալով ծանոթանալու հնարավորությունը

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, թե ցանկանում է թուրքերենով ծանոթանալ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթին, որովհետև թարգմանությունը կարող է լինել ոչ ճիշտ, ըստ Պեսկովի:

Նկատենք, որ Պեսկովը թուրքագետ է: Իսկ Էրդողանը Անգոլայի խորհրդարանում հայտարարել էր, թե աշխարհը չպետք է կառավարեն Երկրորդ համաշխարհայինը հաղթած մի քանի երկիր և ՄԱԿ ԱԽ հնգյակի շրջանակում չէ, որ պետք է լուծվեն համաշխարհային հարցերը: Այս հայտարարության մեջ Պեսկովին, իսկ ավելի կոնկրետ՝ նրա անմիջական ղեկավարին առնչվող  տողատակն այն է, որ դեռևս 2020 թվականի սկզբին ՌԴ Պուտինն էր առաջարկել ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների շրջանակում քննարկում ծավալել նոր աշխարհակարգի վերաբերյալ: Պուտինը այդ միտքը կրկնեց նաև Իսրայելում, ուր ելույթ էր ունենում Հոլոքոսթի տարելիցի առիթով միջոցառմանը:

ՌԴ նախագահի առաջարկը սակայն չարժանացավ որևէ էական արձագանքի: Համենայնդեպս, ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները չցուցաբերեցին այդ առաջարկը կյանքի կոչելուն միտված ակտիվություն: Թվում է, որ այդ պարագայում, Մոսկվայի համար չկա Թուրքիայի դիրքորոշումների հանդեպ առանձնապես զգայուն լինելու կարիք:
Ի վերջո, եթե հինգ մշտական անդամները չեն արձագանքել իրենց ուղղված առաջարկին, ի՞նչ նշանակություն ունի Թուրքիայի նախագահի կարծիքը հնգյակի գլոբալ դերակատարության առումով: Սակայն, այստեղ նուրբ պահերից մեկը թերևս այն է, որ Պուտինի առաջարկի տողատակը համաշխարհային ազդեցության այսպես ասած «յալթայան» տրամաբանության վերականգնում էր, այլ կերպ ասած՝ իր ազդեցության գոտիների հանդեպ ՌԴ իրավունքի վերաճանաչումը ՄԱԿ ԱԽ մշտական անդամների որոշիչ շրջանակում:
Իսկ մեծ հաշվով, այսօր հենց Թուրքիան է այն օբյեկտը, թե սուբյեկտը, որը իրական հավակնություն է ներկայացնում հենց ռուսական ազդեցության գոտիների նկատմամբ՝ Մերձավոր Արևելք, Կովկաս, Կենտրոնական Ասիա, Ուկրաինա, Աֆրիկա-միջերկրծովյան գոտի: Թուրքիան այստեղ որքանով է ինքնուրույն խաղացող իսկ որքանով է նրա խաղը խթանվում և միաժամանակ հեռակառավարվում Արևմուտքից, սա այլ հարց է, ինչը խոշոր հաշվով չի փոխում ՌԴ խնդիրը:

Մի կողմից անհնարինություն է գնալ Թուրքիայի հետ կոշտ դիմակայության՝ հենց Արևմուտքի հետ դիմակայության մեջ պատճառով, մյուս կողմից Թուրքիայի հետ գործընկերության հարցում թուրքական «փափուկ ուժի» ակնառու առավելություն ոչ միայն ՌԴ ազդեցության գոտիներում, այլ հենց ՌԴ ներսում: Այս դեպքում իհարկե Պեսկովին կամ նրա անմիջական ղեկավարին հազիվ թե օգնի Էրդողանի մտքերին օրիգինալով ծանոթանալու հնարավորությունը: Համենայնդեպս դա ավելի շուտ Թուրքիայի, քան Ռուսաստանի առավելության վկայություն է: Իսկ պատկերն իհարկե շատ լուրջ ուշադրության է արժանի Հայաստանի դիրքից, որը Ռուսաստանի և Թուրքիայի արանքում է ոչ միայն աշխարհագրական իմաստով: