Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ դրոշի ներքո նավարկող Mariner լցանավը Անտլանտյան օվկիանոսի չեզոք ջրերում ենթարկվել է ամերիկյան ռազմանավերի հետապնդմանը:
Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ CNN-ը հայտնել է, որ ԱՄՆ առափնյա պահպանության ուժերը հետապնդել են Bella 1 լցանավին, որի անձնակազմը՝ որպես ապահովության նշան, տախտակամածին լուսապատկերել են Ռուսաստանի դաշնության պետական դրոշը:
Այդուհանդերձ, ինչպես վկայում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը, ամերիկյան կողմը շարունակում է հետապնդումը, թեև լցանավը Միացյալ Նահանգների տարածքային ջրերից չորս հազար մղոն հեռավորության վրա է:
Նշված լցանավը, որ, երևում է, ամերիկյան հետապնդումից ապահովագրվելու նպատակով փոխել է անվանումը և նավարկում է ՌԴ դրոշի ներքո, ԱՄՆ կողմից պատժամիջոցների է ենթարկվել նախանցյալ տարի՝ որպես Ռուսաստանի «ստվերային նավատորմի» միավոր:
Ըստ երևույթին՝ միջադեպը պայմանավորված է Վենեսուելայի շուրջ նոր իրավիճակով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ երկրի նավթահանքերը և ենթակառուցվածքները պետք է անցնեն ամերիկյան ընկերությունների կառավարմանը:
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն բաց տեքստով ասել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը Լատինական Ամերիկայում «անելիք չպետք է ունենան», և Միացյալ Նահանգները «թույլ չի տա, որ արևմտյան աշխարհամասի որևէ երկիր ծառայի թշնամու շահերին»:
Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր, երևի թե, առաջին անգամ է, որ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Իրանի հետ նույն թշնամական հարթության վրա է դնում Չինաստանին և Ռուսաստանին:
Reuters-ի տեղեկություններով՝ ամերիկյան զինված ուժերին նախապես տրվել է «Mariner լցանավը վնասելու հրաման, որ հետո փոխվել է. այժմ խնդիրը նրա բռնագրավումն է»: Լրատվամիջոցը համեմատել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը «նույն կերպ բռնագրավել են վենեսուելական մի քանի լցանավ»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել «հարգել միջազգային իրավունքի նորմերը և ապահովել չեզոք ջրերում անվտանգ նավարկությունը»:
Ակնհայտորեն զգացվում է, որ Մոսկվան ծայրահեղորեն զգուշանում է Վաշինգտոնի հետ հարաբերությունների սրացումից: Պետքարտուղարությունը հունվարի 5-ին անհասցե հորդորել է նախագահ Թրամփի «հետ խաղեր չխաղալ»:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկովը և Թրամփի փեսա Քուշները ժամանել են Փարիզ, որտեղ եվրոպական մի քանի երկրների առաջնորդների հետ պետք է քննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը:
Ուկրաինական կարգավորման հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշման որեւէ փոփոխություն, որ կտանի դեպի եվրոպական մոտեցման հետ մերձեցման, Ռուսաստանի և Պուտինի համար ճակատագրական է:






Բաց մի թողեք
Թրամփն ասում է, որ «դուք կիմանաք», թե որքան հեռու ես կգնամ Գրենլանդիան գրավելու համար
Թրամփը դիրանոզավր է, ԵՄ առաջնորդները պետք է դիմակայեն նրան
Դոնալդ Թրամփի «ՄԱԿ-ն» ու Ադրբեջանը