15/01/2026

Ինչ է մեզ հորդորում Վեհափառ Հայրապետը․ Լուսանկար

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր Տաճարում

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։

Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

Սուրբ Պատարագի ընթացքում Հայկազուն Սրբազանը, իր քարոզում ներկայացնելով Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհուրդը, ի մասնավորի նշեց․ «Քրիստոնեությունը, ամեն բանից առաջ, անձնական հավատքի, հոգևոր զգացումի դրսևորում է։ Նախ մենք՝ որպես անհատններ, պետք է դարձի գանք, Աստծուն գտնենք մեր սրտում, դառնանք լույսի որդիներ, լուսավորենք մեր հոգիները, ապա նոր՝ փորձենք մեր օրինակով քարոզել ուրիշներին։ Առանց այս ամենի չի կարող որևէ ժողովուրդ փրկության առաջնորդվել»։

Այնուհետև պատարագիչ Սրբազանը հորդորեց հավատացյալ ժողովրդին՝ իբրև քրիստոնյաներ հիշել աղքատներին ու կարիքավորներին, այցելել հիվանդներին, բանտարկյալներին ու աղոթել նրանց համար։

«Սուրբ Ծնունդը մեզ համար հոգեպես վերափոխվելու, հոգևոր ուրախություն ապրելու և մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է, որպեսզի զորանանք Քրիստոսով, վերահաստատենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ճշմարիտ զավակները լինելու մեր կոչումը։ Ձգտենք նմանվել մեր սուրբ հայրերին, հավատարիմ մնանք մեր սրբազան ավանդույթներին, պատրաստ լինենք՝ իբրև քրիստոնյաներ, դիմակայելու ամեն տեսակի դժվարությունների և զորացնելու մեր հավատքը», – եզրափակեց Հայկազուն եպիսկոպոսը։

Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որից կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:

***

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։

Տաճար հարյուրավոր քաղաքացիներ են այցելել` մասնակցելու պատարագի, նրանցում ինչպես շարքային քաղաքացիներ են, այնպես էլ հասարակական, քաղաքական գործիչներ։

Մարդկանց հոսքը դեպի Մայր տաճար այնքան շատ է, որ հարյուրավոր քաղաքացիներ տաճարի բակում են` այնտեղից լսելով պատարագը։

Վեհափառը երեխաներին օրհնելով մտավ Մայր տաճար,  քաղաքացիներն էլ հեռանալիս իրենց հետ տանում էին` տաճարում վառած  ճրագը, որը խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Շատ-շատերիդ պես՝ ես ևս լցվեցի մեծ բարկությամբ՝ դիտելով «նիկոլադավան» աղանդ հիմնելու մասին չարափառ հռչակագրի ստորագրման տեսանյութը։ Այդ զազրելի տեսարանը ինձ նույնպես զրկեց խաղաղ քնից, ու մանավանդ այս օրով՝ Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության լուսավոր տոնի նախաշեմին։
Բայց հետո հիշեցի Վեհափառ Հայրապետի ահա այս հորդորը, վերստին դիտեցի այն, և խռովքը հաղթահարվեց։ Ի՞նչ է մեզ հորդորում Վեհափառ Հայրապետը.

(1) Ամուր ու աներեր պահենք հավատը։ Չէ՞ որ մեր Եկեղեցին պատկանում է Քրիստոսին, ուստի պետք է հավատալ, որ Աստվածային անտես «հովանին» կշարունակի պաշտպանել մեր Մայր Եկեղեցին ուրացողների ու չարափառների բոլոր դավերից։

(2) Դժվարություններին դիմակայենք արիաբար։ Հավատը շատ-շատ կարևոր է, բայց այն թերևս բավարար չէ, որովհետև մենք էլ մե՛ր բաժին անելիքն ունենք մեր Մայր Եկեղեցին պաշտպանելու գործում. կլինի դա ճշմարտություն խոսելով՝ չարափառների մոլորեցնող փաստարկները ջախջախելը, թե սեփական մարմնով նրանց խոտոր ճանապարհը փակելը։ Ըստ հանգամանքների և ըստ կարողությունների և ըստ անհրաժեշտության։ Բայց բոլոր դեպքերում՝ ջանասիտաբար ու արիաբար։

(3) Թույլ չտանք, որ այս մեծ փորձությունը կարծրացնի մեր սրտերը։ Այս հորդորը հատկապես կարևոր է, որովհետև բարկությամբ լցվելով, թեկուզ արդա՛ր բարկությամբ (եթե այդպիսին գոյություն ունի), ինքներս մեզ ենք վնասում։ Չչարանանք, այլ արիանանք – կարծում եմ, սա՛ է Վեհափառ Հայրապետի հորդորը։ Մեր ներքին ուժերն օգտագործենք ոչ թե չարափառներին անիծելու, այլ մեր վճռականությունն ու կամքն ամրացնելու նպատակով։

(4) Չտրվենք հարմարվողականության ու անտարբերության գայթակղությանը։ «Ես ո՞վ եմ որ. ինձնից ի՞նչ ա կախված», «Մեկ ա՝ վերևներում սած որոշած ա. խի՞ եմ անդարդ գլուխս դարդի տակ դնում», – ծանոթ մտքեր են չէ՞: Երևի հենց դրա՛նց դիմակայելու մասին է Վեհափառ Հայրապետի այս հորդորը։ Հենց նմա՛ն մտքերն են, որ մեզ հաղթելով՝ վերածում են հուսալքված ու ապազգային էակների։ Բա մեզ դա պե՞տք է։ Ոչ։

Ուստի լինե՛նք հավատարիմ ու քաջասիրտ ու բարեսիրտ ու չհարմարվող, – կարծում եմ, հենց սա՛ է Լուսավորչի գահի 132-րդ գահակալի՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ սրբազնացույն կաթողիկոսի հորդորն ուղղված մեզ բոլորիս»։

Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը