Ռուսաստանը ծրագրում է «հատուկ ռազմական գործողությունը» շարունակել մինչև 2050 թվականը: Այդ մասին տարեմուտին ասել է եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը:
Նրա խոսքերով, միայն Ուկրաինայում հաղթելու համար պատերազմը կշարունակվի հինգ-յոթ տարի, իսկ հետո հարկ կլինի «կռվել Երկիր մոլորակի այլ տարածաշրջաններում»: Դուգինի գնահատմամբ, Պուտինը «կուզենար այդ փուլի մեծ մասն անցկացնել որպես Ռուսաստանի նախագահ, իսկ հետո՝ ինչպես Աստված կտա»:
Դուգինը պատկերել է մոտակա տարիների Ռուսաստանը. «Ես չեմ ուզում կրկին խոսել տոտալ զորահավաքի մասին, հասկանալի է, որ այն կսկսվի… Պատկերացրեք, որքան գեղեցիկ կլինի, երբ երկարամյա «հատուկ ռազմական գործողությունը» և Ռուսաստանի հաղթանակի գաղափարը կմիավորի սիրբիրյան մուժիկներին, Հեռավոր Արևելքի, Ուրալի, Պետերբուրգի և անգամ Մոսկվայի բնակիչներին, կովկասցիներին, որ պետք է ավելի զանգվածաբար, քան այսօր է, գնան կռվելու հանուն ռուսական գաղափարի»:
Կրեմլի գաղափարախոսը գրեթե բառացի կրկնել է խորհրդային զորավար Ժուկովին վերագրվող հայտնի խոսքը. «Զոհերը շա՞տ են: Ոչինչ, կանայք նորերը կծնեն»: Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» դեպքում նա գտնում է, որ «տղամարդիկ կռվում են, կանայք՝ նոր զինվորականներ ծնում, իսկ ով չի ծնում, նույնպես պատերազմում է. պատկերացրեք նման վիճակ, որքա՜ն գեղեցիկ կլինի դա»:
Ռուս կանայք ինչպե՞ս կարձագանքեն Դուգինի հորդորին, թողնենք նրա «զորությանը», բայց չենք կարող անտեսել «կովկասցիներին կշտամբանքը», ինչից պարզ հասկացվում է, որ ռուսաստանյան Կովկասը, մեղմ ասած, տոգորված չէ «ռուսական գաղափարով» և Ուկրաինայի դեմ պատերազմին «զանգվածաբար չի մասնակցում»:
Դուգինը շուրջ երկու տասնամյակ քարոզել է «սլավոնա-թուրքական համադաշնություն»: Նա է «Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» կարգախոսի հեղինակը:
Այսօր Ադրբեջանը զինված ուժերը բերում է թուրքական, այսինքն՝ ՆԱՏՕ-ի, չափանիշների: Եվ լրջագույն խնդիր է, թե ռուսաստանյան Կովկասի ժողովուրդներն ո՞ւմ են նախապատվություն տալիս՝ Ռուսաստանի՞ն, թե՞ Թուրքիային: Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քաղաքական «կաթնեղբայր են», բայց, կարծես, իրողություն է, որ ռուսական և թուրքական «գաղափարն», առնվազն, նույնական չեն:
Նախանցյալ դարի հիսուն-վաթսունական թվականներին ցարական Ռուսաստանը և Օսմանյան Թուրքիան Կովկասի հարցում շատ դաժան համաձայնության են եկել, լեռնականները բռնատեղահանվել են Թուրքիա, իսկ դրանից մոտ քառորդ դար առաջ ռուս բանաստեղծը գրել է. «Ահա Կովկասն իմ ոտքի տակ…»:






Բաց մի թողեք
Օրբանը ցանկանում է իր ոխերիմ թշնամի Մագյարին ներկայացնել որպես Բրյուսելի կողմից վերահսկվող խամաճիկ
Բաքվի համար առնվազն «ընկալելի են» Նախիջևանի հետ հաղորդակցության ոչ էքստերիտորիալության իմաստով
Ալի Խամենեիին սպանելուց հետո Վաշինգտոնում «կարծում են, որ այդ դեպքում իշխանությունը բարեփոխականներին փոխանցելը հեշտ կլինի»