September 22, 2023

Երասխի մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի. մանրամասներ

Այսօր առավոտից մամուլում շրջանառվում էին լուրեր, որ իբր Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր: Ըստ մամուլի հրապարակումների, ամենահավանական նոր վայրը Արարատ քաղաքին հարող հատվածն է։

Տեղեկությունը ճշտելու համար «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց Ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» ընկերության սեփականատեր և ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգսի տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, վերջինս նշեց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

«Տեխնիկական դադարից հետո Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցման աշխատանքները վերսկսվելու են»,- ասաց Գրիգոր Տեր-Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Երասխում (Արարատի մարզ) հայ-ամերիկյան գործարան է կառուցվում, որում նախատեսվում է ներդնել 70 մլն դոլար:

Ավելի վաղ Ադրբեջանի բնապահպանական հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարություն էին տարածել, որում նրանք բողոքում էին գործարանի կառուցման համար:

Ի պատասխան՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը անհիմն է անվանել Բաքվի հայտարարությունը կառուցվող մետալուրգիական գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին։ Նախարարությունն ընդգծել է, որ արտադրական օբյեկտը կառուցվում է բնապահպանական չափանիշներին և պահանջներին համապատասխան՝ Հայաստանի ներքին օրենսդրության շրջանակներում։

Ադրբեջանի զինված ուժերը արդեն մոտ 2 ամիս պարբերաբար գնդակոծում են ձեռնարկության շինհրապարակը, ինչի հետևանքով հունիսի 14-ին վիրավորվել էր Հնդկաստանի երկու քաղաքացի։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights