September 22, 2023

ԼՂ-ում վիճակը կրիտիկական է, կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում

«Արցախում գտնվող հիվանդների համար, որոնք ունեն նեղ մասնագիտական բուժօգնության կարիք, իրավիճակը կրիտիկական է»։

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ժամանակի ընթացքում ինչքան այս շրջափակման օրերը երկարում են, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցողներին առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներից, որոնք ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք»,-նշեց Ավանեսյանը։

Նա հավելեց, որ կապի մեջ է գտնվում արցախցի գործընկերների հետ և տեղեկացված է, որ կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում:

«Եթե մենք ունենք հեմոդիալիզի կարիք ունեցող պացիենտներ, որոնք պետք է շաբաթական 2-3 անգամ ստանան տվյալ ծառայությունը, չկա տրանսպորտ, դեղորայքի և բժշկական նշանակության պարագաների սուր կարիք կա, նշանակում է` եթե նրանք չստանան այդ ծառայությունը, նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը նաև նկատեց, որ ԼՂ–ում այժմ լուրջ խնդիր է երեխաների կաթնախառնուրդների պակասը և ուղարկված հումանիտար բեռի մեծ մասը կազմում են դրանք։ Ըստ Ավանեսյանի՝ ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են նաև միջազգային գործընկերներին։

«Բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցում ենք` նաև միջազգային կառույցների առջև պահանջներ դնելով իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալու։ Այս դեպքում Կարմիր խաչը ունի մանդատ նման իրավիճակներում պացիենտների տեղափոխման, հումանիտար բեռների տեղափոխման, բայց նրա աշխատանքները ևս պարալիզացված են»,- մանրամասնեց Ավանեսյանը:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights