October 4, 2023

Փակվում եք, փակվեք, մեր որոշումը չի փոխվելու, չսպառնաք. Փաշինյանը՝ ձկնաբուծությամբ զբաղվողներին

«Հիմա մենք որոշում ենք կայացրել ձկնաբուծարանների փակ ցիկլի անցնելու վերաբերյալ: Որոշումը կայացրել ենք անցած տարի, այն 2024 թվականի հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնի»:

Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ չնայած կարծիքներին, ձկնարդյունաբերությանը ոչ մի բան չի սպառնում:
«Հիմա կամաց-կամաց, շշուկով, մի քիչ կիսաձայն ասում են՝ այդ որոշումը իրականանալի չի, ձկնաբուծարանները կսննկանան, էս կանեն, էն կանեն: Ես համաձայն չեմ այդ տրամաբանության հետ: Մենք մեզ հարց պետք է տանք, այդ ձկնաբուծարաններում երբ որ ձկի բթման պրոցես է տեղի ունենում,  շուկայում հայտնված արտադրանքը որքանո՞վ է համապատասխանում սննդի անվտանգության կանոններին: Ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը, որ պետք է պատանդի կարգավիճակում անընդհատ որոշումներ կայացնենք, փոխենք: Մենք տարիուկես առաջ ենք այդ որոշումները կայացրել և մարդկանց ժամանակ ենք տվել, որ ներդրումներ անեն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հարց ուղղեց, թե  ո՞վ է ասել, որ պետք է եկամուտներ ստանան, կասկածելի արտադրանք թողարկեն շուկա, հետո էլ անընդհատ շանտաժ անեն, թե կսննկանան:

«Էդ ձեր ռիսկն է: Եկեք մի հատ հաշվենք՝ մենք տարեկան ինչքանի ջուր ենք վատնում և ինչքանի ձուկ ենք արտադրում: Ի վերջո, ՕԳԳ-ն որքա՞ն է, այդ հաշվարկը որևէ մեկն արե՞լ է, կարծում եմ՝ որևէ մեկը այդ հաշվարկը չի արել: Ոչ մեկը չի ասում՝ բա պետությունն ինչքա՞ն կորցրեց, որ այդ ջուրը մտավ ջրավազան, դարձավ ձուկ և գնաց, կորավ, տասնյակ տարիներ և միլիարդներ են պետք ջրային ռեսուրսները վերականգնելու համար»,-հավելեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում, ընդհակառակը, ձկնարդյունաբերությանը ոչ մի բան չի սպառնում. «Եթե մենք նկատի ունենք ձկնարդյունաբերություն, ոչ թե ջրերի վատնում: Չի փոխվելու այդ որոշումը՝ փակվելու են, թող փակվեն, ոչ մեկն իրենց իրավունք չի տվել հանրային պետական ռեսուրսը օգտագործել կասկածելի արտադրանք շուկա նետելու համար: Եվ թող որևէ մեկն ինձ մոտ չմտնի ասի՝ գիտեք այդ որոշումը եկեք փոխենք, չի հետաձգվելու»:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights