September 24, 2023

Ի ծնե միլիոնատերերը կամ 3-րդ երեխաների «բեյբիբում». ինչ դեր ունեն պետական աջակցության վճարները ծնելիության աճի գործում

38-ամյա Տաթև Մուշեղյանը շուտով 4-րդ անգամ կմայրանա: Ասում է՝ չորրորդ երեխան սեռով է պայմանավորված, երկու աղջիկ ունի ու մեկ տղա, որոշել են տղային էլ առանց եղբայր չթողնել:

Սոցիալական ցանցերից մեկում մեր իրականացրած փոքրիկ հարցման մասնակիցներից է Տաթև Մուշեղյանը, ով նաև Կառավարության կողմից ընդունված «Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ ամսական 50.000 դրամի չափով աջակցություն» ծրագրի շահառուներից է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Տաթևը պատմում է, որ երբ երրորդ երեխային են պլանավորել, ծրագիրը դեռ հաստատված էլ չի եղել:

«Բայց երբ ծնվեց, արդեն մենք կարող էինք օգտվել ծրագրից, դարձանք շահառու: Իսկ գումարը չենք էլ հանում, կուտակում ենք մինչև 6 տարեկանը, հետո դա կօգտագործենք բալիկիս ուսման և այլ կարիքների համար: Մի քանի ամսից կծնվի 4-րդ երեխաս, և այնպես չի, որ ծրագիրը որևէ կերպ խթան է հանդիսացել բալիկի պլանավորման հարցում: Իրականում չնչին գումար է՝ մեկ շաբաթվա տակդիրի և կաթնախառնուրդի գումար, բայց, իհարկե, հաճելի է, որ պետությունը խրախուսում է թեկուզ փոքր գումարով: Այդ գումարը 6 տարի հավաքվելու դեպքում բավական մեծ թիվ է ստացվում և, բնականաբար, բալիկի համար կարող ենք որևէ հարց լուծել»,- ասում է Տաթև Մուշեղյանը:

Տաթևից բացի կային նաև այլ մայրիկներ, որոնք մասնակցել են մեր հարցմանը: Ոմանք դժգոհում էին, որ առաջին և երկրորդ երեխայի դեպքում համարժեք վերաբերմունք չկա, ոմանց համար՝ 50 հազար դրամը չնչին գումար է, որով միայն տակդիրի ծախսերը կարելի է հոգալ, որոշներն էլ նշում են, որ շատ հաճելի է անգամ փոքր գումար ստանալը, քանի որ նախկինում երրորդ և հաջորդ ծնված երեխաների համար որևէ շարունակական ֆինանսական աջակցություն չի եղել:

Օգտատերերից Մերի Եղյանն էլ, արձագանքելով հարցմանը, նշեց, որ պետության կողմից մշակված ամենատարբեր ծրագրերը, իհարկե, նպաստում են 2-ից ավելի երեխաներ պլանավորելուն: Մերին նաև սեփական օրինակով կիսվեց:

«Իհարկե, գումարի համար երեխա չեն ունենում, բայց երբ կա հավելյալ օգնություն, ավելի համարձակ ես գնում այդ քայլին: Երկու բալիկ ունեմ ու մեկ ամսից վերադառնում եմ աշխատանքի, միշտ ցանկություն եմ ունեցել երրորդ բալիկ ունենալու, սակայն վարձով ապրելու և ֆինանսի պատճառով որոշել եմ այդ քայլին գնալ շատ ավելի ուշ՝ 7-8 տարուց, բայց վերջին ծրագրերն ու երրորդ բալիկի դեպքում տրվող առավելությունները հաշվի առնելով, հնարավոր է ավելի շուտ գնամ այդ քայլին»,- ասում է Մերին ու հավելում, որ այդ դեպքում կստանա ֆիզարձակուրդի գումար, ծնվելուց հետո ևս 1.000.000 դրամ գումար, ամեն ամիս աջակցության տարբեր ծրագրերով 50.000 և 31.000 դրամ գումար, ինչպես նաև հիպոթեքով տուն վերցնելու դեպքում պետությունը 1 միլիոն դրամ և ավել կհատկացնի մայր գումարը վճարելու համար:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Կառավարությունը՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, թեև հիմա մշակում է ժողովրդագրության ռազմավարությունը, որից էլ պիտի բխեն այն ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղվելու են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, այնուամենայնիվ, վերջին տարիներին իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք տվել են դրական էֆեկտ և խթանել ծնելիությանը:

«Վիճակագրությունը ցույց էր տալիս, որ մենք ավելի նվազ ծնելիություն ունենք գյուղական համայքներում, քան քաղաքային բնակավայրերում, հետևաբար ծրագրերից մեկը վերաբերում էր հենց գյուղական բնակավայրում աշխատող ծնողի նպաստի չափի կրկնապատկմանը: Բայց նախորդ տարի ընդունվեց նաև մի կարգավորում, որ քաղաքաբնակ չաշխատող մայրը ևս մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը ստանալու է նպաստ:

Ամենակարևոր փոփոխությունը, որի դրական միտումը ակնհայտ երևաց՝ երրորդ երեխայի հետ կապված փոփոխություններն էին, որով պետությունը մի քանի քայլից բաղկացած ծրագիր էր իրականացնում: Առաջինը՝ սահմանվեց, որ ընտանիքում երրորդ երեխայի ծնունդի հետ կապված, բացի տրվող միանվագ գումարից՝ 1 միլիոն դրամից, պետությունը երեխայի համար նշանակում է  նաև նպաստ՝ ամսական 50 հազար դրամի չափով, մինչև երեխայի 6 տարին լրանալը: Սա և՛ գրավիչ է, և՛ ֆինանսական մեծ աջակցություն՝ հոգալու երախայի խնամքի ծախսերը: Դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ընտանիքներում երրորդ երեխաների ծնելիության աճ է նկատվում»,- նշում է պատգամավորը:

Հարցին, թե արդյո՞ք այս նախաձեռնությունն է խթանել երրորդ և հաջորդ երեխաների ծնվելու աճին, Հերիքնազ Տիգրանյանը պատասխանում է, որ ճիշտ հակառակը կարող է ասել այն իմաստով, որ շատ ընտանիքներ երրորդ երեխային պալանավորել են՝ չիմանալով այդ 50 հազար դրամ աջակցության մասին կամ իմանալով միայն այդ մասին, բայց չիմանալով, թե դրանից բացի էլ ինչ արտոնություններ կան:

«Խոսքը վերաբերում է հիպոթեքային վարկի մարմանը»,- ասում է պատգամավորն ու կիսվում անձնական օրինակով. «Իմ ծանոթների ընտանիքում ծնվեց երրորդ բալիկը ու ընտանիքը գիտեր միայն 1 միլիոն դրամ միանվագ գումարի մասին, անգամ ամսական 50 հազարի մասին չգիտեին և անակնկալի էին եկել, երբ իրենց տեղեկացրել էին, թե քանի որ ունեն արդեն մեկ տարի սպասարկված հիպոթեքային վարկ, ապա ևս 2 միլիոն դրամ մայր գումարից վճարում է պետությունը: Մենք հումորով երեխային «միլիոնչիկ» ենք անվանում»:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ ցանկացած ընտանիք, որը պլանավորում է ունենալ երեխա, միշտ պետք է զգա պետության աջակցությունը: Վերջինս կարծում է, որ ավելի շատ պետք է ուշադրություն դարձվի նաև ընտանիքում առաջին և երկրորդ երեխայի ծնունդին:

«Որովհետև մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընտանիքում երկրորդ երեխան շատ ավելի դժվար է ծնվում: Առաջին երեխայի պարագայում ծնողները բավականին խնդիրների են բախվում՝ ծնողավարություն, անփորձություն կամ ֆինանսական դժվարություններ, ինչը նշանակում է, որ առաջին երեխայի դեպքում էլ պետք է աջակցություն: Երկրորդ երեխայի դեպքում ավելի մեծ խզում կա՝ տարիքային տարբերություն առաջին և երկրորդ երեխաների միջև, ինչը նշանակում է, որ երրորդ երեխային, ըստ էության, ավելի հեշտ են պլանավորում, քան երկրորդին և պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև առաջին երկու երեխաների ծնունդին և խնամքին, իսկ երրորդ, չորրորդ երեխաների դեպքում արդեն լինեն լրացուցիչ երաշխիքներ: Շուտով կունենանք մշակված ռազմավարություն, որտեղ կերևա, թե ինչ քաղաքականություն է վերցրել այդ ոլորտում պետությունը, և ժողովրդագրությունը խթանող ինչ ծրագրեր կունենանք»,- նշում է պատգամավորը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետ Տաթև Միքայելյանն էլ մեզ հետ զրույցում նկատում է՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկը հենց երրորդ և ավելի երեխաների դեպքում 50 հազար դրամի աջակցությունն է՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը:

«Փորձելու ենք այդ ժամանակահատվածում հասկանալ ծրագրի արդյունավետությունը, թե որքանով է այն նպաստել ծնելիության աճին՝ ժողովրդագրական պատկերին, արդյո՞ք նպատակահարմար է շարունակել այդ ֆորմատով: Ըստ էության, ծրագիրը պիլոտային է, և միայն 2026 թվականի հունվարի 1-ին կկարողանանք առաջարկություն ներկայացնել ծրագրի շարունակության, նպատակահարմարության կամ փոփոխության մասով, մինչ այդ գնահատականներ տալ ծրագրի մասով ճիշտ չէ»,- նշում է Տաթև Միքայելյանը:

Վերջինիս խոսքով՝ ծրագիրը հաջողելու դեպքում այն կարող է դառնալ պետական նպաստի տեսակ:

«Պետք է գնահատականը տանք արդյունքային ցուցանիշներից ելնելով:

Եթե արդյունքները չեղան այնպիսին, ինչպիսին ակնկալվում էին, միգուցե ծրագիրը վերանայվի, այլ մոտեցումներ մշակվեն, այլ սկզբունքներ ներառվեն: Հաջողելու դեպքում, այո, այն դառնալու է պետական նպաստի տեսակ:

Աջակցության իրավական նորմերը հնարավորություն են տալիս ծնողին դիմել 6 ամսվա ընթացքում, և ստանալ 6 ամսվա ամբողջ գումարը: Այսինքն՝ կարող են լինել մարդիկ, ովքեր վճարման ցուցակ չեն մտել, բայց նրանք ունեն վեց ամիս ժամանակ, որպեսզի գան, դիմեն և ստանան նախորդ վեց ամսվա գումարը»»,- եզրափակեց պատասխանատու պաշտոնյան:

Հերմինե Կարապետյան

%d bloggers like this:
Verified by MonsterInsights