October 4, 2023

Սկանդալ, միջադեպ Չինաստան – Ռուսաստան սահմանին․ մանրամասներ

ՌԴ-ում Չինաստանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ին, ԱԴԾ-ին և ՌԴ սահմանային ծառայությանը ներկայացրել է Ռուսաստանի իրավապահ մարմինների «կոպիտ» գործողությունների մասին, որի պատճառով Չինաստանի հինգ քաղաքացիների արգելվել է մուտք գործել Ռուսաստան։

Դիվանագետների հայտարարությունը հրապարակվել է WeChat սոցիալական ցանցում, հայտնում է Bloomberg-ը։

Դեսպանատան տվյալներով՝ հուլիսի 29-ին հինգ չինացի փորձել է Ղազախստանից մուտք գործել Ռուսաստան։

Երկու երկրների սահմանին՝ Կարաուզեկի անցակետում (Աստրախանի մարզ), նրանք «չորս ժամ շարունակ հարցաքննվել են», իսկ հետո նրանց արգելվել է մուտք գործել Ռուսաստան։ Նրանց զբոսաշրջային վիզաները, ըստ դիվանագիտական ներկայացուցչության, չեղարկվել են։

Չինացի դիվանագետներն ասել են, որ ուսումնասիրել են միջադեպի մասնակիցների տրամադրած տեսանյութը, ապա դիմել Ռուսաստանի իշխանություններին։ Նրանք նշել են, որ ռուս սահմանապահների գործողությունները «լրջորեն ոտնահարում են Չինաստանի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը»։

Այս կապակցությամբ դեսպանատունը Ռուսաստանից պահանջել է բացատրել միջադեպի պատճառը, «ակտիվ միջոցներ ձեռնարկել բացասական ազդեցությունը վերացնելու և ապագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար»։ Չինացի դիվանագետները նաև խնդրել են սահմանային պաշտոնյաների կողմից «լրացուցիչ հետաքննություն անցկացնել՝ կապված չափից դուրս կոպիտ վարված իրավապահների հետ» և Պեկինին «բավարար պատասխան» տրամադրել։

Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։

Bloomberg-ը նշում է, որ դեսպանատան հաղորդագրությունը հակասում է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությանը, որ Մոսկվայի և Պեկինի միջև բարեկամությունը «սահմաններ չունի» և «չկան արգելված գոտիներ» համագործակցության մեջ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights