September 22, 2023

Հիմա էլ՝ ադրբեջանցիներ են զառանցել Փաշինյանի, իմա՝ Հայաստանի հասցեին

«Մենք՝ Արևմտյան Ադրբեջանի Համայնքը, կազմակերպություն, որը ներկայացնում է Հայաստանից վտարված ադրբեջանցիներին և պաշտպանում նրանց վերադառնալու իրավունքը, խստորեն դատապարտում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած կեղծ մեղադրանքները»։

Այս մասին, ըստ APA-ի, ասվում է հակահայ դիրքորոշմամբ հայտնի և ՀՀ-ի նկատմամբ պահանջատիրական նկրտումներ ունեցող ադրբեջանական կազմակերպության հայտարարության մեջ։

«Մենք կտրականապես հերքում ենք այն պնդումը, թե Հայաստանից վտարված ադրբեջանցիները վերադարձի իրավունքից հրաժարվելու դիմաց փոխհատուցում են ստացել, մենք հաստատակամ ենք մեր պահանջի մեջ՝ ապահովելու հայաստանյան պապենական հողերը վերադառնալու մեր իրավունքը։

Հայաստանի կառավարության մերժումը վտարանդի ադրբեջանցիներին՝ օգտվելու իրենց հայրենիք վերադառնալու ընդհանուր ընդունված իրավունքից, ցույց է տալիս, թե այս պետությունն անկեղծ չէ ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքները հարգելու հավատարմության մասին իր պնդումներում:

Կոչ ենք անում Հայաստանին հետևել Ադրբեջանի օրինակին, որը թույլ է տվել հայերին 2020 թվականին հակամարտության ավարտից հետո անվտանգ վերադառնալ Ադրբեջանի Ղարաբաղի շրջան։ Հայաստանը պետք է հավասար հարգանք դրսևորի մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ և ապահովի Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ անվտանգ և արժանապատվորեն իրենց տները վերադառնալու իրավունքը։

Մենք պահանջում ենք Հայաստանի կառավարությունից դադարեցնել կեղծ հայտարարությունների տարածումը և առարկայական երկխոսություն սկսել մեր Համայնքի հետ՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների օրինական խնդիրների շուրջ»։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights