October 5, 2023

Վանաձորից Երևան հասած հաշմանդամություն ունեցող երեխաներին թույլ չեն տվել մտնել Ջրաշխարհ

Հաշմանդամություն ունեցող երեխաներին արգելել են մուտք գործել Ջրաշխարհ, այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանը:

«Այս հրաշք խումբն այսօր Վանաձորից հասել էր Երևան։ Խմբի ցանկությունը մեկն էր` մտնել ջրաշխարհ, սրտի թրթիռով կտրել-անցել էին երկար ճանապարհ ու հույս-հավատով, որ իրենք էլ բոլորի պես հավասար իրավունքներ ունեն, բայց, արի ու տես, փակ էր Ջրաշխարհի դռները իրենց առաջ։
Պատճառը ծիծաղելի, կխանգարեն մյուսների հանգիստը։

Ուր մնաց ներառականությունն ու հավասարությունը»,- գրել է Հասմիկ Սողոմոնյանը` դիմելով ՄԻՊ-ին:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչընդոտելուն:

«Այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար  հավասար հնարավորությունների ապահովումը:

Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մանրամասների վերաբերյալ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»:

Սկանդալի կենտրոնում հայտնված «Ջրաշխարհ»-ը պատասխանել է իրենց ուղղված մեղադրանքներին՝ հերքելով դրանք ու խոստանալով շուտով փաստեր հրապարակել:

Պարզաբանումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.

«Հարգելիներս, քանի որ անհիմն շահարկվում է Ջրաշխարհի անունը, ցանկանում ենք նկարագրել և լուսաբանել կատարվածը:

Այսօր ժամը 13:00 -ի սահմաններում երկու երիտասարդ և մեկ պատանի, որոնք երևում են ներկայացված նկարում, մոտեցել են Ջրաշխարհ թվով 8 հաշմանդամություն ունեցող երեխաներին ընդունելու հարցով:

Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները ևպատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել Ջրաշխարհում գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը, տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ վերադառնալու պայմանով:

Մինչդեռ երկար սպասելուց հետո նրանք այդպես էլ չեն վերադարձել: Ջրաշխարհն իր ջերմ տանիքի տակ ընդունելու բազմամյա փորձ ունի թե՛ անապահով ընտանիքների, և թե՛ հաշմանդամություն ունեցող երեխաներին հյուրընկակելու հարցում, և այսօրվանը ևս բացառություն չէր լինելու:

Հ.Գ. Ջրաշխարհի տնօրինությունը պատրաստ է հանդիպման և կատարվածի պարզաբանման համար:

Հաջորդիվ կներկայացնենք նաև հավաստի փաստեր կատարվածից»:

Նշենք, որ գրառման մեկնաբանությունների դաշտում խնդրի մասին ահազանգած օգտատերն արձագանքել է՝ նշելով, որ երեխաները միայն ուղեկցող նշված երիտասարդների և պատանու հետ չեն եղել, այլ նրանց ուղեկցել են ծնողները:

«Երեխաները եղել են ծնողների հետ։ Վանաձորից Երևան տեղափոխելը կազմակերպել են երիտասարդ կամավորներ, ովքեր շաբաթվա մեկ օրը այդ երեխաների համար դարձնում են տոն։ Վանաձորից զանգել են, ճշտել, որ Ջրաշխարհի ակվատեկ մուտքը հաշմանդամ երեխայի համար արժե 2500 դրամ, ոչ հաշմանդամի մուտքը՝ 5000 դրամ։ Եկել, հասել են, Ջրաշխարհի ակվատեկի սպասասրահում ասել են պետք է վճարեք 4000 դրամ, կամավոր երիտասարդը ասել է՝ մենք հեռախոսով այդպես չենք պայմանավորվել, ծնողներից մեկն էլ ասել է՝ մի շաբաթ առաջ իմ հաշմանդամ երեխան անվճար է մտել ու կանչել են տնօրենին, ով կամավորներից մեկի հետ ներս է մտելու ասել, թե այցելուները ձեզ կխանգարեն, դուք էլ իրենց»,-գրել է կինը:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights