September 24, 2023

Թբիլիսին կոչ է անում ՌԴ-ին դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ։

Հաղորդագրության մեջ նշվում է՝ Վրաստանը շարունակում է ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությունը և ցանկանում է ապահովել երկրի ապաշրջափակումը և խաղաղ զարգացումը դիվանագիտական և իրավական գործիքների կիրառմամբ՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։
Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել Եվրամիության հանդեպ ստանձնած պարտավորությունները՝ 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագրով զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից, հայտնում է Aliq-ը։

«Վրաստանը շարունակում է կառուցողական ներգրավվածությունը ժնևյան միջազգային բանակցություններում, որը միակ ձևաչափն է 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության միջնորդությամբ կնքված զինադադարի համաձայնագրի իրականացման հարցում։

Վրաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում օկուպացիոն գծերով բաժանված հասարակությունների միջև հաշտեցման և վստահության վերականգնման և ընդհանուր եվրոպական ապագայի կառուցման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Երեկ լրացել է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճել էր հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights