September 22, 2023

Արցախյան խորհրդարանը քաղաքական մարմին չէ, ու այդպես է արդեն տևական ժամանակ

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դավիթ Իշխանյանի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ պետք է ասեմ, որ Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրա ընտրությունը խաթարում է քաղաքական տրամաբանությունը։

Էլ ի՞նչ իմաստ ունեն խորհրդարանական ընտրությունները, կուսակցությունների միջև քաղաքական մրցակցությունը, վերջապես՝ ընտրողների ձայները, եթե 33 պատգամավոր ունեցող խորհրդարանում խոսնակ է ընտրվում 3 պատգամավոր ունեցող խմբակցության (ՀՅԴ) անդամը։

Քաղաքական բավարար «թիկունքի» բացակայությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ նրա գործնեության վրա։ Բայց դե, մյուս կողմից էլ, սա նոր երևույթ չէ արցախյան խորհրդարանում, այնտեղ արդեն ունեցել ենք «փոքրամասնության նախագահ»։

Եւ սա ամենևին էլ բարձրագույն պիլոտաժ չէ, ոչ էլ աննախադեպ ժողովրդավարության առհավատչյա։ Ոչ, սա պարզապես նշանակում է, որ արցախյան խորհրդարանը քաղաքական մարմին չէ, ու այդպես է արդեն տևական ժամանակ։

Իսկ մենք ժպտում էինք, երբ նրա ղեկավարներից մեկը տարիներ ի վեր պնդում էր, որ ինքը քաղաքական գործիչ չէ։ Ինչ որ է, քաղաքական անէությունը մի օրում չի լինում։ Ամեն ինչ արդար է՝ այլ կերպ լինել չէր էլ կարող։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights