September 22, 2023

Մի շարք բարդ հարցերի շուրջ դեռ պետք է լուծումներ գտնվեն. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Բաքվից և Երևանից ազդանշանները շուտափույթ խաղաղության հասնելու իրենց հանձնառության մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնության գալ ցանկացած պայմանի. մի շարք բարդ հարցերի շուրջ դեռ պետք է լուծումներ գտնվեն:

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարի վերջերս արած հայտարարությունը, թե Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ չեն ցանկացած պայմանով խաղաղության պայմանագիր կնքել, և որ որոշ բարդ հարցեր դեռ պետք է լուծվեն, Զայցևը պարզաբանել է, որ դիվանագետն ասել է գործընթացն արագացնելու կարիք չկա։

«Գործընթացը պետք է ընթանա այնքան, որ վերջում ձեռք բերվեն որակյալ և հուսալի պայմանավորվածություններ։ Ինչ-որ մեկին կարող է ձեռնտու լինել արագացնել գործընթացը, ինչ-որ բանի հասնել որքան հնարավոր է շուտ, բայց հարցն այն է, թե ինչպես դա հետո կիրականացվի: Սա, ինչպես հասկանում եմ, նա ընդգծել է իր ելույթում»,- ասել է Զայցևը:

Նա հավելել է, որ ռուսական կողմն ակտիվորեն օգնում է Բաքվին և Երևանին խաղաղության փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական ուղիները բոլոր մակարդակներում։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights