Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:
Դատարանում ցուցմունք է տվել գործով ամբաստանյալ Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը կարող էր իրականացնել 2 ընկերություն, և Սերգո Կարապետյանն ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել։ Ս. Սարգսյանը նշել է նաև, որ եթե նա այդպիսի որոշում չկայացներ այն ժամանակ պատասխանատվություն կկրեր։
Այս գործով, Սերժ Սարգսյանից բացի, մեղադրյալ են «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը: Նախկին նախարար Սերգո Կարապետյանի ու փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը)։ Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։
Սերժ Սարգսյանին ավելի ուշ նաև նոր մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):
Բաց մի թողեք
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է
Հավաքի մասնակիցը նստել է անցնելու փորձ կատարած մեքենայի վրա, ոտքերով և ձեռքերով հարվածել փողոցը բացող տարեց կնոջը. ՔԿ. Լուսանկար
Սպանություն Ամբերդի մոտ. վրանում հայտնաբերվել է 58-ամյա տղամարդու՝ հրազենի կրակոցից գլուխը ջնջխված դին