Մի քանի ժամից Նյու Յորքում մեկնարկելիք ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք է մեկնել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նիստը տեղի է ունենում Հայաստանի դիմումի համաձայն, որով Երևանը ՄԱԿ ԱԽ անդամներին խնդրել է արտահերթ նիստ գումարել Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի պաշարման, դրա հետևանքով մարդասիրական աղետի, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի կանխարգելման համար:
Արցախի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ, որոնք պատկերում են ռուսերենով գրված մի փաստաթուղթ, որը «մակագրված» է «նախագիծ» խորագրով:
Այն պարունակում է 14 կետ, որոնք վերաբերում են Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայության բնակության պայմաններին: Այդ փաստաթուղթը գործնականում Լեռնային Ղարաբաղի հանրապետության լուծարման մասին է, որը, ըստ Տիգրան Պետրոսյանի, հուլիսի 2-ին առաջարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հիշենք, որ հուլիսի 25-ին տեղի ունեցավ եռակողմ արտգործնախարարական հանդիպում Մոսկվայում:
Մինչ կկայանա նիստը, Հայաստանում տեղի ունեցավ մեկ այլ ողբերգություն: Շիրակում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվեց 11 մարդ, այդ թվում նաև Արցախի 21-ամյա բնակչուհի Հելեն Դադայանը:
Նա Արցախից էր, սակայն ուսանում էր Երևանում և պաշարման հետևանքով ինն ամիս շարունակ զրկված էր Արցախ վերադառնալու, ծնողների, հարազատների հետ լինելու հնարավորությունից: Հելեն Դադայանի պատմությունը վթարի հետևանքով ստացել է ողբերգական նոր երանգ: Հարազատները չեն կարողանում Արցախ տեղափոխել նաև նրա մարմինը, հարազատ տանը հուղարկավորելու համար: Արցախը պաշարած Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախ տեղափոխել սարսափելի վթարի զոհ դարձած 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը:
Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ ԱԽ անդամներին պետք է ներկայացնի ադրբեջանական հակամարդկային պաշարման այդ նկարագիրը, միաժամանակ պարզորոշ շեշտադրելով, որ մարդկային այդ ողբերգության հանդեպ անտարբերությունը և ոչ համարժեք քաղաքական ու քաղաքակրթական արձագանքը հավասարազոր է այդ հակամարդկային պաշարմանը հանցակցելուն:
Սակայն, Հելեն Դադայանի ողբերգական պատմությունը լոկ օրինակ է, տասնյակ այդպիսի պատմություններից մի օրինակ, որոնք առաջացել են Արցախի արդեն իննամսյա պաշարման ընթացքում:
ՄԱԿ ԱԽ նիստին նախորդող մյուս ողբերգության մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հրապարակելով տեղեկություն սովամահության դեպքի մասին: Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
ՄԱԿ ԱԽ անդամները մի քանի ժամից անմիջականորեն պետք է առերեսվեն այդ ողբերգություններին, դրանց հանդեպ իրենց պատասխանատվությամբ, որովհետև Միացյալ ազգերի կազմակերպությունը այդպիսին է նախ և առաջ ազգերի միացյալ անվտանգության ապահովման համար, ազգերին ու ժողովուրդներին այդօրինակ հակամարդկկային քաղաքականությունների հետևանքից պաշտպանելու համար: Եվ այդ պաշտպանական գործառույթը դրված է ՄԱԿ ԱԽ անդամների վրա:
Մենք երեխա չենք, ու անշուշտ հասկանում ենք, որ այդ պետությունները առաջնորդվել ու առաջնորդվելու են իրենց աշխարհաքաղաքական շահերով, այլ ոչ ՄԱԿ վերամբարձ գաղափարներով ու արժեքներով:
Պարզապես, եթե նրանք անտեսում են Արցախի պաշարման ողբերգական հետևանքները՝ հանուն իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունների, դրանով գործնականում ակնառու են դարձնում այն, բացարձակապես դատարկ է արժեհամակարգային, քաղաքակրթական և մարդասիրական այն խոսույթը, որ այդ պետությունների, առնվազն դրանց մի մասի հռչակված հավատամքն են:
Մեծ հաշվով, դատելով այդ հանդիպմանը նախորդած Լավրովի հայտարարությունից, որ հրապարակվել էր ՌԴ արտգործնախարարության կայքում, դատելով դրա բովանդակությունից, բավականին նկատելի է Պետրոսյանի հրապարակած փաստաթղթի բովանդակության համահունչ լինելը: Պետրոսյանը չի նշել, թե որտեղի՞ց է իր ձեռքին հայտնվել այդ նախագիծը, թեեւ, ենթադրաբար, դրա աղբյուրը Արցախի իշխանությունն է, որին էլ փաստաթուղթը հասանելի կարող էր լինել Հայաստանից:
Իհարկե, այս առնչությամբ հիմա կսկսեն ամենատարբեր ենթադրություններ և վարկածներ, թե ո՞վ է իրական աղբյուրը, որ գործել է Տիգրան Պետրոսյանի միջոցով: Հատկանշական փաստան այն է, որ փաստաթուղթը հրապարակվում է ՄԱԿ ԱԽ նիստից ժամեր առաջ, իսկ Տիգրան Պետրոսյանն էլ դրա հրապարակումը ուղեկցում է գրառումով, թե՝ «Պուտինը այսօր հնարավորություն ունի փոխելու իր վերաբերմունքն ու պլանները»:
Ի՞նչ է դա նշանակում, որ Պուտինը տեղյակ չէ՞ր Լավրովի աշխատանքից և մոտեցումներից, արցախյան կո՞ղմն է իր արտահոսքով տեղեկացնում նրան այդ մասին, թե՞ խոսելով պլանները փոխելու հնարավորություն ունենալու մասին, հայկական կողմն ակնարկում է հնարավոր ինչ որ քայլ, որ կարող է անել, եթե Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում գործի այն ոգով եւ տրամաբանությամբ, որ արտացոլված է հրապարակված փաստաթղթում:
Բայց հնարավո՞ր էր արդյոք Արցախում այդպիսի հանրայնացում-բլեֆ, այն էլ ՌԴ հանդեպ: Հազիվ թե: Միեւնույն ժամանակ, ուշադրության է արժանի այն, որ հանրայնացումն Արցախից տեղի է ունենում այն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ նիստից առաջ՝ նախօրեին տեղի է ունեցել Լավրով-Բայրամով հեռախոսազրույց, որի վերաբերյալ տեղեկատվության մեջ կա մի ուշագրավ ձեւակերպու:
Ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության, ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի կատարման անայլընտրանք լինելը՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար,և Լավրովն ու Բայրամովը հակաարդյունավետ են համարել «այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքների կատարումը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերը»:
Ի՞նչ փորձերի մասին է խոսքը, և արդյո՞ք նրանց խոսքը վերաբերում է ՄԱԿ ԱԽ դիմելու Հայաստանի քայլին, որի հիման վրա անցկացվելիք նիստի շեմին էլ Լավրովը և Բայրամովը խոսում են հեռախոսով, ինչը փաստացի ստանում է հայկական կողմի հանդեպ շանտաժի երանգավորում:
Այդ ֆոնին էլ ուշադրության է արժանի Արցախից «լավրովյան առաջարկների» հանրայնացումը, ինչը ցույց է տալիս, թե ինչ է առաջարկում Ռուսաստանը կողմերին, ավելի շուտ՝ Ադրբեջանին, որովհետև լավրովյան այդ գաղափարները առաջարկ, իսկ ավելի շուտ գործնականում նվեր են միայն Բաքվին:
Բաց մի թողեք
Հայաստանում քաղաքացիական պատերազմի «ենթագիտակցական» հողի «փխրեցում»
Սիամական երկվորյակը կարող է առանձնապես հույսեր չփայփայել
Ցինիկ Զախարովան, ՄԱԿ ԱԽ նիստն ու արդյունքները