September 25, 2023

«Ջերմուկի զբոսաշրջության գրավչությունը մշակույթի ներքո»․ Օգոստոսը Ջերմուկում հայտարարված է մշակութային ամիս. Լուսանկարներ

Ջերմուկում առողջարանային հանգստին զուգահեռ այս տարի ավելացել է նաև մշակութային բաղադրիչը:

Ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում երեկոյան ժամերին Ջերմուկի Ըմպելասրահում կազմակերպվելու են կավագործության, նկարչության վարպետաց դասեր, բացօթյա համերգներ, այցելելու են լուսանկարիչներ ու նկարիչներ՝ պատկերելու քաղաքի զբոսաշրջային գրավչություններն ու քաղաքային միջավայրը:

Ծրագրի այս ֆորմատը բացառիկ է նրանով, որ մշակութային միջոցառումները կազմակերպվում և անցկացվում են ոչ թե կարճաժամկետ՝ 1-2 օրով, այլ ողջ ամսվա ընթացքում:

Ջերմուկում արդեն հանգիստ է»․ Վազգեն Գալստյան • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Ծրագիրն իրականացվում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, նախագահ Վազգեն Գալստյան և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և Ջերմուկի համայնքապետարանի աջակցությամբ:

– Օգոստոս ամսվա ընթացքում մենք հյուրընկալելու ենք երաժշտական խմբեր, արվեստի ներկայացուցիչների, նկարիչների, որոնք իրենց տաղանդն են ներկայացնելու Ջերմուկի այցելուներին և բնակիչներին, անցկացնելու են վարպետաց դասեր,- նշել է ծրագրի ղեկավար, «Ջերմուկի զարգացման կենտրոն» հկ նախագահ Վազգեն Գալստյանը, հավելելով, որ արդեն իսկ անցկացվել են կավագործության, նկարչության վարպետաց դասեր, իսկ դուրգի հետ աշխատանքը, կավով սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստելը ծնողների հետ Ջերմուկում հանգստացող երեխաների համար նոր ու հետաքրքիր փորձառություն է:

«Ջերմուկի զբոսաշրջության գրավչությունը մշակույթի ներքո» ծրագրի նպատակը քաղաքում զբոսաշրջության ակտիվացումն է և քաղաքի այցելուների հանգիստն ավելի անմոռանալի դարձնելը, հայկական մշակույթի հետ ծանոթացնելն ու շփման հնարավորություն ստեղծելը:

Ջերմուկում մշակութային միջոցառումները կամփոփվեն օգոստոսի 27-ին: Մինչ այդ նախատեսվում է նաև քաղաքի արխիվային նյութերի, հատակագծերի, լուսանկարների բացառիկ ցուցադրություն՝ Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ: Ցուցահանդեսի օրվա մասին կհայտարարվի լրացուցիչ:

Հ․Գ․ Հաջորդիվ, կհրապարակվի, կարդացեք նաև մեր այցելության, տեսածի, զրույցների, տպավորություններն ու կարծիքները առանձին հոդվածներով, լուսանկարներով։ 

%d bloggers like this:
Verified by MonsterInsights