Հանրապետությունում ներքին տուրիզմը հատկապես խթանվեց ու զարգացավ կորոնավիրուսի մեկնարկի տարում, 2020 թվականին, այնուհետև դրան հաջորդող ողբերգական իրադարձությունները գուցե այնքան էլ տրամադրող չէին տուրիզմի համար, սակայն հայրենաճանաչությունը լավ բան է ու դա պետք է գիտակցի ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի։
Հայաստանում՝ Երևանից դուրս յուրաքանչյուր ուղղություն առանձնահատուկ է, յուրաքանչյուր ճանապարհ իր ձայնն ու երգն ունի։ Պետք է խոստովանեմ, որ արդեն հասցրել էի կարոտել մեր հարավային մարզերից Վայոց ձորն ու հատկապես՝ Ջերմուկը, որ սկսյալ 1998 թվականից շատ հաճախ, գրեթե ամեն տարի հանգստացել, կազդուրվել ու լիցքավորվել եմ, ուստի չէի կարող այս անգամ էլ բաց թողնել հնարավորությունը։ Թեև՝ վերջին տարիներին հնարավորություն է ստեղծվել ու միջազգային կապերի շնորհիվ շատ եմ ճանապարհորդում Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում, սակայն ինչպես ասում են՝ մերն ուրիշ է։
Ճանապարհորդելն ավելի հաճելի է, երբ ի սկզբանե լավ ուղեկցող ես ունենում։ Առհասարակ մեզանում քիչ է կարևորվում վարորդի ինչքը, սակայն դեպի Ջերմուկ ճանապարհորդությունը Արմենի հետ, բազմաբովանդակ ու հետաքրքիր էր, չզգացինք էլ, թե երբ հասանք Ջերմուկ։ Ինչ գորովանքով, սիրով ու մանրամասնությամբ էր Վայքից հետո, երբ մայրուղին թեքվեց ու վերընթաց էր դեպի Ջերմուկի բարձունք, նկարագրում ջերմուկցի վարորդը, պիտի հասցնեիր հետևել աջ ու ձախ նկարագրություններին։
Հասանք Ջերմուկ, հարմարավետ տեղավորվեցինք առողջարաններում, ճաշեցինք, ի սկզբանե հյուրանոցային պայմաններով, ու առաջնորդվեցինք ըստ նախատեսված օրակարգի։
Ջերմուկի զարգացման կենտրոն ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանն էր այս մեդիատուրի կազմակերպիչն ու նախաձեռնողը, նա էլ լրագրողներիս հետ հանդիպմանը մասնավորեց, որ օգոստոսին որոշել են ամեն երեկո Ջերմուկի հայտնի Ըմպելասրահի դիմաց մշակութային միջոցառումներ կազմակերպել, Երևանից հրավիրել նկարիչների, երաժիշտների, արվեստագետների, առահասարակ, ովքեր էլ և հանգստացողների, և ջերմուկցիների համար ամեն երեկո ելույթներ կունենան։ Օգոստոսի 19-ին այդ շարքում ելույթ կունենան նաև ջերուկցիներ Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը՝ Երևանից։
Մեդիատուրը կազմակերպվել էր, ինչպես նկարագրեց Վազգեն Գալստյանը, որպեսզի ներկայացվի Ջերմուկը ներսից։ Այնտեղ հասած լրագրողներից ու լուսանկարիչ – օպերատորներից մեծամասնությունն էլ, պարզվեց, առաջին անգամ էր Ջերմուկում։ Թերևս լավ առիթ Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկն այցելելու համար։
Վազգեն Գալստյանը մասնավորեց․ Ջերմուկի բնակչության հիմնական զբաղմունքը ողջ տարին ծառայությունների մատուցումն է՝ ձմռանը, խոր աշնանն ու գարնանն ավելի շատ արտասահմանցի, մասնավորապես ռուս զբոսաշրջիկների համար, իսկ ամռան տապ ամիսներին, հատկապես՝ հայաստանյան հովեկների։ Ջերմուկում բացառությամբ հանքային ջրերի գործարանի, որևէ արտադրություն չկա, ուստի բնական է, որ հիմնական զբաղմունքը մնում է ծառայությունների, սերվիսի մատուցումը։ Նրանց կողքին շատ կոլորիտային, հետաքրքիր պատմություններով մարդիկ են ապրում Ջերմուկում, որոնց այս անգամ ժամանակը չներեց հանդիպելու համար։
Հաղորդակցության փորձագետ Սիրանույշ Գյուրջինյանը ներկայացրեց այն հրաշալի հնարավորությունները, որ այս օրերին՝ Երևանում 39 – 40 աստիճան տապի ու 25-26 աստիճան նորմալ եղանակի պայմաններում առաջարկում է Ջերմուկն ու առողջարանային, հյուրանոցային ցանցերը, ինչի մասին հանրության մեծամասնությունը պարզապես տեղեկացված չէ, երբ յուրաքանչյուր ոք կարող է կազմակերպել իր և հարազատների համար ու մի քանի ժամ անց վայելել զովն ու բնության հրաշքները։
Մենք զրուցեցինք նաև հանգստացողներից մեկ – երկուսի հետ։ Առողջարաններից մեկում Մեծամորից ջերմոցային տնտեսության սեփականատեր Դավիթը մասնավորեց, որ արդեն հինգերորդ տարին է, որ հատկապես ամռան ամիսներին այցելում է Ջերմուկ, առողջարան, օգտվում բժշկաթերապիայի բոլոր ծառայություններից, հանում ամբողջ տարվա հոգնածությունն ու փոքր-ինչ շտկում առողջական խնդիրներն ու շատ գոհ է թե՛ բուժական, թե՛ սպասարկող անձնակազմերից։ Նույն տպավորությունն ուներ անհամեմատ երիտասարդ Ջասթինը՝ Միացյալ Նահանգներից, ով թեև առաջին անգամ էր Ջերմուկում, առողջարաններից մեկում, սակայն շատ տպավորված էր մատուցված ծառայություններից ու շնորհակալ։
Աշխատանքից հետո հարկ է հանգստանալ ու մեզ հյուրընկալած Վազգեն Գալստյանը ուղեկցեց Ջերմուկի առողջարանային թաղամասում, Ըմպելասրահի դիմաց, լճակի վրա լողող, հազարավոր ջերմուկի դատարկ շշերով պատրաստված սրճարանում փոքր ինչ հանգստանալու, սրճելու։
Հետո պետք է արդեն մեր առաջ իր ողջ հմայքով բացվեր Ջրահարսի վարսերը, ով չգիտե, հասցնեմ նկարագրել, որ մի գեղեցկագույն ու սարահարթ ջրվեժ է, որը պարզապես վայելել է պետք։ Այնքան հաճելի, որ բավական երկար ժամանակ անցկացրեցինք, լուսանկարեցինք ու լուսանկարվեցինք ․․․
Քիչ այն կողմ՝ Բախտի կամարն է, Արփա գետի հովիտը, բնության հրաշք, որ զուգորդվում է նաև հայի հույսով, թե կամարի տակ երազանք կպահի ու այն անպայման կիրականանա մոտ ապագայում։ Ամեն մեկը յուրովի, ամեն մեկը թաքուն, ինքն իր համար, անշշուկ ․․․
Շարունակությունն արդեն ազատ ժամանցի տեսքով էր մինչև իրիկնամուտ, երբ իրիկնահացից հետո տրամադրությունդ փարձում են էլ ավելի բարձրացնել հրավիրված երաժիշտները, թող որ մի քիչ երաժշտությունից հեռու, դա էլ գուցե իմ թերությունն է, որպես արհեստավարժ երաժշտագետ ու նկարագրությունս էլ՝ իբրև արձակագիր։ Բայց լավ էր, հովեկներն ու տեղացիներ հավաքվել էին, ձայնակցում էին նվագողներին, օրը մթնում էր ու յուրահատուկ թովչություն հաղորդում միջավայրին։
Հետո կոլեկտիվ խաղեր, կատակներ, բիլիարդի մրցաշարի ինքնակազմակերպում մեդիաթիմի անդամներիս միջև ․․․
Հաջորդ օրն արդեն՝ լեռնամագլցումն էր, բավական հետաքրքիր ու փոքր-ինչ էքստրեմալ։ Ջերմուկի ձորակներից մեկում, սուրբ Փոկաս ժայռի վրա, որի ստորոտում սրբատեղի է։ Ջերմուկի զարգացման կենտրոն ՀԿ-ն, ի դեմս Վազգեն Գալստյանի, նախաձեռնել են ու ժայռի վրա՝ համագործակցելով Հայաստանի լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հետ, զինված բոլոր տեսակի տեխնիկական սարքավորումներով ու հագուստով, կազմակերպում են լեռնամագլցում։ Ի դեպ, տարիքային սահմանափակում չկա։
Այն հովեկներն, ովքեր ակտիվ հանգստի, տուրերի կողմնակիցներ են Վազգեն Գալստյանը նրանց համար կազմակերպել է այսպիսի հանգստի ձև՝ ժայռամագլցման արահետներ։ Փորձեցին նաև լրագրողներից ու օպերատորներից մի քանիսը, նվաստս հասավ, տեսավ, լուսանկարեց ու բավարարվեց այդքանով, ցավոք։
Մեդիատուրի շրջանակներում օրակարգն այսքանով՝ ճաշը ներառյալ ավարտվեց, Ջերմուկի առողջարանային թաղամասում քայլեցինք անտառային պուրակում, ֆիդայինների ժայռաքանդատների մոտ, իսկ հետո տիրույթը վերստին վարորդ Արմենինն էր, նա՝ ովքեր չէին շտապում, ուղեկցեց Ջրահասերի վարսերի լեռան գագաթ ու անօդաչու տեսախցիկով նկարահանման, մալինայի գինի ու անուշեղեն վայելելու, գորովանքով լեցուն պատմություններին ունկնդրելու։
Այն ով էր ասում, թե չկա ոչինչ անելու Ջերմուկում, այն ով էր ասում, թե Ջերմուկում անվտանգ չէ, լիովին անվտանգ ու խաղաղ է, այստեղ արշալույսերն այդպես են բացվում, և՛ բազմաթիվ զբաղմունքներ, որոնք փորձեցի նկարագրել մեդիատուրի օրերի ընթացում, և՛ առհասարակ։ Այցելեք Ջերմուկ, վայելեք իրական ջերմուկի համն ու բնության հրաշքները, հետո չասեք, թե մենք քնած ․․․ ովքեր սիրում են իրենց հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, անպայման պարտավոր են լինել Ջերմուկում ու վայելել այն ․․․
Շնորհակալություն կազմակերպված մեդիատուրի համար ․․․
Սիմոն Սարգսյան
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 27-ի աստղագուշակ․ Ամեն բան լավ կդասավորվի, մի շտապեք օրն անհաջող համարել
Մարդիկ գիշեր-ցերեկ սպասում են ՀՀ տեղափոխվելու հերթին․ ի՞նչ է կատարվում այս պահին Ստեփանակերտում․ Լուսանկարներ
Ադրբեջանական բանակն ունի գրեթե 200 զոհ. Meydan TV. Ցանկ