October 1, 2023

Դոն Պիպոյի ստեղծած հանցավոր կազմակերպությանը մասնակից լինելու գործով երեք մասնակցի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից ևս երեք անձի վերաբերյալ նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՔԿ-ից՝ նշելով, որ նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Ա. Ա.-ն (-խմբ. Արթուր Ասատրյան) հակառակորդ համարվող անձանց հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով դրդված, մարտի 14-ին կազմակերպության անդամներին հանձնարարել է հավաքվել Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում, որտեղ վերջիններս, զինված ապօրինի կերպով ձեռք բերած հրազեններով և ռազմամթերքով, սպասել են հակառակորդ խմբավորման անդամների և նրանց համախոհների ժամանելուն:
«Նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, վերջիններս, ապօրինի կերպով ձեռք բերած զենքերով զինված, ժամանել են հիշյալ համալիր: Վերը նշված երկու խմբավորումների կազմում ընդգրկված անձինք, իրենց անձի և խմբավորման առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, 2-3 րոպե տևողությամբ խաթարել են Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի երթևեկությունը, աղմկել են, հայհոյել և փոխադարձ կռվի են բռնվել միմյանց հետ, որի ընթացքում տարբեր հրազեններից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ: Այդ ընթացքում հանցավոր կազմակերպության անդամ, մարզիկ Գ. Ա.-ն, բռնություն գործադրելով հակառակորդ խմբավորման մասնակիցների նկատմամբ, հարվածներ է հասցրել նրանց, ապա՝ նախապես վերցրած՝ ապօրինի կերպով ձեռք բերած հրազենից կրակոցներ է արձակել ու նույն զենքի բռնակով հարվածել նրանցից մեկի գլխին:

Հիշյալ խուլիգանության, ինչպես նաև 2021թ. մայիսին հանցավոր համագործակցության մասնակիցներից մեկի և Ա. Ա.-ի եղբոր սպանության դեպքերից հետո, Ա. Ա.-ն և վերջինիս կնոջ բարեկամ Կ. Ղ.-ն մեկնել են ՀՀ-ից, որից հետո հանցավոր համագործակցության մասնակից Ա. Հ.-ն ստանձնել է հիշյալ կազմակերպության ղեկավարի դերակատարությունը:

Վերջինս, հակառակորդ խմբավորման անդամների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու՝ նրանց սպանելու նպատակով, Արմավիրի մարզի բնակիչներ Հ. Ի.-ին, Դ. Բ.-ին և այլ անձանց, պատվիրել է խոշոր գումարի դիմաց սպանել վերը նշված անձանց: Ընդունելով առաջարկը՝ Դ. Բ.-ն և Հ. Ի.-ն ընդգրկվել և մասնակցել են վերը նշված հանցավոր համագործակցությանը, հիշյալ սպանություններն իրականացնելու նպատակով, Ա. Հ.-ի ղեկավարմամբ, սկսել են մարտարվեստի հնարքներ սովորել, սակայն շուրջ երկու շաբաթ մարզումների մասնակցելուց հետո վերջիններս հրաժարվել են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը, որի արդյունքում վերոհիշյալ հանցագործություններն ավարտին չեն հասցվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ՔԿ-ի՝ Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներին հսկողության տակ և իրենց տեսադաշտում պահելու նպատակով Ա. Հ.-ն ներգրավել է նրանց հանցավոր համագործակցության կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահված զենքերի ու ռազմամթերքի տեղից-տեղ փոխադրելու, պահելու գործընթացի մեջ: Հանցավոր կազմակերպության անդամները ապօրինի կերպով ձեռք են բերել, կրել, փոխադրել և տարբեր վայրերում պահել տարբեր տեսակի զենք և ռազմամթերք, որոնք նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամ Գ. Ա.ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով), Դ. Բ-ին և Հ. Ի.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
%d bloggers like this:
Verified by MonsterInsights