Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում պաշտոնավարելու ընթացքում Ս. Գ. (Սվետլանա Գրիգորյան), միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտները վերացնելով, 2000-2010 թվականների ընթացքում օժանդակել է իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ. Գ.-ին (Վլադիմիր Գասպարյան), պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել 17 մլն դրամի հափշտակություն:
Մասնավորապես՝ Վ. Գ.-ն, քաջատեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող, 2000-2011 թվականներին ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների եւ դասալքության դեմ պայքարի բաժանմունքում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ս. Գ.-ն (Ս.Ս-ն) ավելի քան տասնմեկ տարի ծառայության չի ներկայացել եւ պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբեւէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլեւ վերոնշյալ ժամանակահատվածում ստորագրել է Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրեր, որոնցում ընդգրկված է եղել նաեւ Ս. Գ.-ի տվյալները: Արդյունքում 2000-2010 թվականների ընթացքում, Ս. Գ.-ին, որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ, փաստացի վճարվել է 17 մլն դրամ:
Մեկ այլ դեպքով Վ. Գ.-ն Ս. Գ.-ի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ: Մասնավորապես՝ Վ. Գ.-ն, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, խախտելով օրենքի համապատասխան պահանջը, այն է՝ ոստիկանության ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, իր կնոջը՝ Ս. Գ.-ին, նշանակել է ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ:
Պաշտոնին նշանակվելուց հետո Ս. Գ.-ն, 2011-2018 թվականների ընթացքում, պարբերաբար ծառայության չի ներկայացել եւ ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի եւ դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տեւողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում 2011 թվականի դեկտեմբերի 30-ի եւ 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաեւ նրա անվամբ փոխանցվել է 19 մլն դրամ:
Հսկող դատախազի որոշմամբ՝ Ս. Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքն հափշտակելուն օժանդակելը) եւ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը):
Հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Բաց մի թողեք
Երևանի տարբեր փողոցներում իրավիճակը լարվել է. ոստիկանները բերման են ենթարկում երթի մասնակիցներին
Երևանում՝ քրեակատարողական հիմնարկում, 45-ամյա դատապարտյալ է մահացել
Կոչ եմ անում զինվել ձողերով, դանակներով, շղթաներով, տրոսներով, բենզինի շշերով. բռնության կոչ անող անձը ձերբակալվել է