September 24, 2023

Մեր մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին բացառապես քաղաքական գործընթաց ձևավորելն է, քաղաքական բովանդակություն հաղորդելը

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 14 քաղաքական ուժերի թվում է Արդար Հայաստան կուսակցությունը, որի ավագանու ցուցակը գլխավորում է՝ քաղաքապետի թեկնածուն է, Նորիկ Նորիկյանը։ Նրա հետ էլ զրուցում ենք հանրությանն այսօր ամենահետաքրքրող թեմաներից մինչև ավագանու ընտրությւոններ, խոստումներ, կարգախոս ու կոչ։

Պարոն Նորիկյան, սկսենք հանրությանն ամենահետաքրքրող – հուզող թեմայից թերևս, որն է ձեզ համար Լաչինի միջացքի ապաշրջափակման բանաձևը։

Շատ բարդ հարց եք տալիս, որովհետև Լաչինի միջանցքի նկատմամբ միակ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթը եռակողմ հայտարարության դրույթն է այն մասին, որ այն ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ՌԴ-ն զիջեց իր վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմմաբ, երբ ակնհայտ է, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այդ միջանցքի նկատմամբ որևէ իրավազորություն չունեցող Ադրբեջանը փաստացի տիրապետում է և ամբողջավին իր վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը։ Այս պայմաններում Հայաստանի կողմից ձեռնարկվող բոլոր քայլերն ապարդյուն են, կամ՝ ՄԱԿ ԱԽ վերջին նիստում արձանագրված արդյունքն է։

Հայաստանը չի գտել Ադրբեջանի դեմ հակախաղը, որի արդյունքում մենք գործ ունենք ուժի գործոնը բանեցնող Բաքվի քաղաքականության հետ, որը հանգեցնելու է պայթյունի։ Անկեղծ լինենք՝ ես այս պահին չեմ տեսնում այնպիսի ռացիոնալ լուծում՝ ՀՀ ներուժի գործադրման միջացով, որը հնարավորություն կտա ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այս հարցում անհրաժեշտ է աշխարհաքաղաքական կոնսենսուս, որի ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանքներ կատարել։

Դուք վարչապետի հետ հանդիպող արտախորհրդարանական քաղաքական ուժերից մեկի նախագահն եք, ով վերջին շրջանում չի մասնակցում նման ֆորմատով հանդիպումներին, այդ հարցը երբևէ քննարկվել է այդ ձևաչափով։

Վերջին անգամ՝ ես այդ հանդիպումներին մասնակցել եմ անցած տարվա մայիս – հունիսին, այդ ձևաչափը համարում եմ սպառված։ Այդ հարթակը դիտարկում էինք որպես այլընտրանքային խորհրդարան, պարզճակատ մասնակցում էինք, սակայն համաձայն չենք իշխանության կողմից վարվող քաղաքականության բազմաթիվ դրսևորումների հետ, ուստի՝ չենք մասնակցում։ Մենք կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առջև, որի մասին վերջերս խոսում էր նաև Փաշինյանը․ եթե 2 – 3 տարի մեր պետականությունը կարողանանք պահել, ապա 100 տարի էլ կապրենք, ինչը նշանակում է, որ չափից մեծ են Հայաստանի առջև ծավալվող սպառնալիքները։

Դրա փոխարեն մասնակցում եք սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, գլխավորում եք Արդար Հայաստան կուսակցության ավագանու համամասնական ընտրացուցակը։ Ինչ հույսով, ինչ ակնկալիքով։

Վճռական, մարտական ոգով, մենք ապավինում ենք երևանցիների ողջամտությանը, նրանց քաղաքական միտք ունանալուն։ Մենք փորձելու ենք այս ընտրությունները մեկ այլ հարթություն տեղափոխել՝ բարձրացնել քաղաքական հարթակ, վեր կանգնել ասֆալտ փռելու մակարդակի քարոզարշավից։ Մեր կարծիքով, Երևանի քաղաքապետն ու ավագանին ռազմավարական, ուղեղային կենտրոններ պետք է լինեն, որոնք պետք է միտված լինեն քաղաքաշինական հիմնախնդիրներ լուծելուն, ոչ թե տեխնիկական, կենցաղային խնդիրներ լուծելու գործառույթներ իրականացնեն։

Շատ ակտիվ ենք լինելու, փորձելու ենք մեր քաղաքացիների հետ քննարկել վերջին 5 տարիների գործունեության հետ կապված հարցեր, իշխանության կողմից վարվող քաղաքականությունը և՝ առաջիկա հինգ տարիների մեր պատկերացումները Երևանի և Հայաստանի զարգացման համար։ Մենք չենք սահմափակավելու Երևանով, մեր բարձրացրած հիմնախնդիրները աղերսվում են ողջ Հանրապետության զարգացման ու հայեցակարգի հետ, որովհետև Երևանն իր կարգավիճակով ներառոըւմ է բնակչության 2/3-ը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք փորձելու ենք հանրության հետ զրուցել մեր ապագայի տեսլականի մասին ․․․

Իսկ հետընտրական դաշինքներ ձևավորելու մասին մտածում եք, և՝ իշխանությունը պահելու, թե՝ նոր իշխանություն ձևավորելու տարբերակն է նախընտրելի ձեզ համար։

Գործող իշխանության հետ որևէ դաշինքային, կոալիցիոն համագործակցոթյուն, հետընտրական, թե՝ նախընտրական, հնարավոր չէ, չկա ու չի կարող լինել, մենք դա բացառում ենք․ իսկ մնացած քաղաքական ուժերի հետ՝ կտեսնենք, նրանք, ովքեր մեր արժեհամակարգին մոտ են, ընդհանուր եզրեր ունենք, կարող ենք ամուր, դաշնակցային փոխգործակցություն հաստատել։ Չենք բացառում, ավելին՝ այս ընտրություններին քաղաքական բաղադրիչ հաղորդելու միջոցով, մենք փորձելու ենք ստրատեգիական հեռանկար բացել առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար։ Հայաստանում պետք է վերջ տալ քաղաքական մենիշխանությանը, որ տասնամյակներ շարունակ չարիք է դարձել մեր պետության ու հասարակության համար։ Եթե մեր երկիրը զարգանում է որպես խորհրդարանական պետություն, ապա ոսկե կանոններից են կալիցիոն կառավարումը, բազմակուսակցական համակարգը, կուսակցությունների դերերի մեծացումը։ Ուստի՝ վատ չի լինի, որ Երևանում լինի կոալիցիոն կառավարում, մի քանի կուսակցություններ մասնակցեն այդ գործին՝ միաժամանակ։

Դուք ինչպիսի քարոզարշավ եք պատրաստվում անցկացնել, և ընդհանուր առմամբ, ինչ եք կարծում, այս քարոզարշավը որքանով կլինի քաղաքակիրթ։ 

Մենք բոլոր դեպքերում պահպանելու ենք քաղաքակրթության սկզբունքները, գոտկատեղից ներքև երբեք չենք հարվածել ու չենք հարվածելու, իսկ ընդհանուր առմամբ շատ ագրեսիվ, վճռական քարոզարշավ ենք անցկացնելու՝ բակային հանդիպումներ կլինեն, երթեր, այդ թվում՝ ավտոերթեր, կփորձենք սոցիալական հարթակները օգտագործել, հեռուստատեսությամբ բաժին հասած անվճար րոպեները, մենք չունենք միլիոններ, հովանավորներ, մենք մեր համեստ միջոցների առավելագույնն իրականացնելու ենք, բայց նաև նախապես զգուշացնում եմ, եթե որևէ քաղաքական ուժ կփորձի մեր նկատմամբ դրսևորել ոչ քաղաքակիրթ վարքագիծ, ես հավաստիացնում եմ, մենք համարժեք և արժանի պատասխանը կտանք։

Որոնք են՝ ըստ ձեզ, մայրաքաղաքի 3 հիմնախնդիրները, որոնք կխոստանաք լուծել՝ ընտրվելու դեպքում։

Մենք տասն են առանձնացրել՝ տրանսպորտը, երթևեկության մշակույթի բացակայությունը, որի արդյունքում հազարավոր զոհեր ենք ունենում, խցանումները, որի հարցում հաշվարկ անգամ չկա, թե մեր երկրի տնտեսությունը որքան վնասներ է կրում դրա արդյունքում։Նաև՝ աղբահանությունը՝ վերամշակումը։ Քաղաքաշինությունը՝ ապօրինի շինարարությունն ու ձգձգումները ․․․ և այսպես շարունակ։ Ոչ մեկը չի կարող ասել, թե 50 տարի հետո մենք ինչպիսի մայրաքաղաք ենք ունենալու։ Եվ վերջապես պարզենք, թե ով է, կամ ով կարող է լինել երևանցի ․․․Մենք ուզում ենք ձևավորել երևանցու կերպարը, ով է, ինչպիսին է ․․․ Բազմաթիվ են ծրագրերը, հիմնարար ու պաթետիկ ․․․

Ունեք նախընտրական կարգախոս ․․․

Այո, մի քանիսն են, հիմնականը՝ Վստահիր, հավատա, փոխելու ենք, Սկսենք Երևանից ․․․ Մեր հանրության մեջ կորել է վստահությունը իրար հանդեպ, իշխանության, քաղաքական ուժերի, խոսքի նկատմամբ, մեզ անհրաժեշտ է բեկում, թռիչք, որ վերականգնվի երևանցու հավատը ․․․

Այսինքն՝ պոպուլիստական խոստումներ չեք տալու ․․․

Մենք երբեք անիրական ծրագրեր առաջ չենք քաշում, անվճար ոչինչ չենք խոստանում, որովհետև անվճար եթե լինում է, ապա թալակում ․․․ Ընդհանրապես՝ պոպուլիզմը չարիք է, վերջին տարիներին մենք տեսնում ենք դրա դառը հետևանքները, չի կարելի խաբել ժողովրդին, սին խոստումներով կերակրել, վերջում կանգնեցնել կոտրած տաշտակի առաջ։ Մենք բացառապես իրատեսական ծրագրեր ունենք։ Բայց կրկնում եմ, մեր մասնակցությունը բացառապես քաղաքական գործընթաց ձևավորելն է, քաղաքական բովանդակություն հաղորդելը այս ընտրական պայքարին ․․․

Ինչ սկզբունքով է ձևավորվել Արդար Հայաստան կուսակցության ավագանու ցուցակը։

Որոշվել է մեր կառավարման խորհրդի կողմից՝ ընդհանուր քննարկումների, քաղաքական թիմի հետ ունեցած խորհրդակցությունների արդյունքում։ Մենք՝ ինչպես միշտ, առաջինը կարևորել ենք ինտելեկտըտ, քաղաքական մտքի առկայությունը, պարկեշտությունը, անկեղծությունը, ազնվությունը ․․․

Դուք՝ լինելով կուսակցության առաջնորդը, կվերցնեք ավագանու մանդատը։

Հետաքրքիր հարց եք տալիս։ Եթե մասնակցում ենք այս գործընթացին, ապա միտված ենք հաջողություն և շոշոփելի արդյունք արձանագրելուն։ Ես այդ հարցին կպատասխանեմ ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո, որովհետև որևէ բան նախապես կանխորոշված չէ, մենք հիմա ամեն ինչ անում ենք դրական արդյունք արձանագրելու համար։

Եվ վերջում․ Ձեր կոչը, խոսքը երևանցիներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնարոշվել, թե ում ընտրեն։

Իմ խնդրանքն ու կոչն է․ ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին ու մասնակցել ընտրություններին, լեգիտիմ հնաարվորությանը՝ քաղաքական կյանքի ուղղությունը փոխելու համար։ Երևանցիներդ կորոշեք, թե ինչպիսին կլինեն Հայաստանի զարգացման առաջիկա հինգ տարիները ․․․

%d bloggers like this:
Verified by MonsterInsights