September 22, 2023

ԱԱԾ-ի կողմից կանխվել է մաքսանենգ ճանապարհով Իրանից Հայաստան խոշոր չափի թմրամիջոց տեղափոխելու փորձը․ Տեսանյութ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք:

Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ միջոցառումների արդյունքում պարզվել է՝  ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են Երևան- Եղեգնաձոր միջպետական ճանապարհին գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ. օգոստոսի 20-ին Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, վերջինիս կողմից շահագործվող «Վազ 217230» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Եղեգնաձոր միջպետական ճանապարհին, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից, վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել ք.Երևան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Արտաշատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն ձերբակալվել են:

Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ կես կիլոգրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով լցված փաթեթ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն կալանավորվել են։

Նախաքննությունը շարունակվում է:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights