September 26, 2023

Երևանը պետք է առաջնորդի Հայաստանի Եվրաինտեգրման գործընթացը

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության ցուցակը գլխավորում է ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանը, նրա հետ զրուցում ենք նախ Լաչինի միջանցքի հիմնահարցի լուծման բանաձևի, ապա ընտրական գործընթացի մասին։

Պարոն Խզմալյան, որն է ըստ Ձեզ, Լաչինի միջանցքում առաջացած խնդրի լուծման բանաձևը։

Նախ՝ հասկանանք, թե ինչ կատարվեց Լաչինի միջանցքի շրջափակման ընթացքում։ Կարևորը, որ ինչպես Լաչինի միջանցքի, այնպես էլ Արցախի հարցը միջազգայնացվեց, դա կտրուկ փոփոխություն է, որովհետև 2020 թ․ նոյեմբերին հարցը կարծես փակուղում էր, մեզանում էլ խոսում էին և են նոր իրողություններին հարմարվելու ու ըստ այդմ խնդիրը լուծելու մասին, ինչը սխալ է։ Սակայն աշխարհաքաղաքական իրողությունները ապացուցեցին հակառակը, միջազգայնացումը հարցի լուծման բանալին է։ Ռուսաստանին ու Ադրբեջանին այլևս չի հաջողվի ծածկադմփոց սարքել, որը բերելու էր արցախահայության հայրենազրկման։ Միջազգայնացումը նաև տրամադրությունների ու կողմնորոշումների փոփոխության բերեց Արցախի հայության շրջանում, եթե 2020-ից հետո նրանք ռուսական սիմվոլներ էին պաշտում ու Պուտինի նկարը, ապա հիմա արդեն շրջափակում են ռուսական խաղաղապահ զորքերի կենտրոնակայանը, անզեն կանգնում են ռուսական զրահատեխնիկայի դիմաց, իսկ Արցախում այս իրավիճակում պատահական ոչինչ չի կարող լինել։

Իսկ Արցախի ու Լաչինի թեմաները երբևէ քննարկել եք ՀՀ վարչապետի հետ արտախորհրդարանական ուժերիդ հանդիպումների ժամանակ։

Հուլիսի 27-ին տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ ես կտրուկ քննադատեցի, որ մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահման է հասել, Հակարիի կամուրջի մոտ, սակայն առանց Եվրամիության դրոշների։ Ես ասացի՝ մինչև մենք չմիջազգայնացնենք հարցը, չենք հասնի հաջողության, ու ցավոք, ես ճիշտ էի․ հումանիտար օգնության շարասյունը մինչ այժմ այնտեղ է, իսկ ՄԱԿ ԱԽ-ի նիստը ցույց տվեց, որ միջազգայնացումը ճիշտ լուծումն է։

Հիմա այն մասին, ինչի առիթով հանդիպել ենք․ Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու, հետևաբար նաև՝ քաղաքապետի ընտրություններն են, Եվրոպական կուսակցությունը, Դուք, ինչ ակնկալիքներով եք մասնակցում։

Ընտրությունները յուրաքանչյուր կուսակցության համար պարտադիր գործընթաց են, այո, հարյուրից ավելի կուսակցություններ կան, մասնակցում են 14-ը, ուրեմն՝ մնացածները չկան, որովհետև ընտրությունը հաշվետվություն է, նշանակում է՝ մենք կանք, մենք ասելիք ունենք․ իսկ այդ 100 – 200 թվերը կեղծ են, ես միշտ այդպես եմ համարել։ Անգամ մասնակցող կուսակցություններից ոմանց անվանումները ՀՀ քաղաքացիներին ոչինչ չեն ասում, թեև՝ չեմ ուզում վատախոսեմ, բայց կուսակցությունը գաղափարախոսություն է, մերը պարզ է հենց անվանումից՝ Հայաստանի Եվրոպական կուսակցություն։ Դա է մեր մասնակցության նպատակը, Երևանը չի կարելի դիտարկել պետությունից, աշխարհաքաղաքական զարգացումներից դուրս։ Մենք առ այսօր, ցավոք, զարգանում ենք սովետական, ռուսական մոդելով, ինչը շատ վատ է, Երևանը տարվեց այդ ճանապարհով, մինչդեռ համաչափ զարգացումը, ինչպես Եվրապայում, ամենաընդունելին է։ Ուստի՝ ես դեմ եմ երևանյան շովինիզմին՝ ամեն ինչ Երևանի համար։ Մայրաքաղաքը շատ բաներից պետք է հրաժարվի ու բարբարոսությունը Երևանի նկատմամբ պետք է կանգնեցվի։

Պարոն Խզմալյան, Դուք սկզբում հայտարարեցիք, ամիսներ առաջ, որ ՀԵՎԿ-ի քաղաքապետի թեկնածուն Ռուբեն Հախվերդյանն է, վերջերս խոսք էր գնում այն մասին, որ Հնչակյան կուսակցության հետ դաշինք եք կազմում ու ձեր թեկնածուն սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է, սակայն առաջինը Դուք ներկայացրեցիք փաստաթղթերը ԿԸՀ ու Դուք եք առաջնորդում Հայաստանի Եվրոպական կուսակցության ավագանու համամասնական ընտրացուցակը, ինչ պատահեց այս ընթացքում։

Իսկապես՝ մենք նախ առաջարկեցինք Ռուբեն Հախվերդյանին և դա կեսլուրջ – կեսկատակ պատասխանն էր բավական անհեթեթ թեկնածուի առաջադրմանը՝ չեմ ուզում անուններ տալ, սակայն պարզվեց, որ Ռուբենն այլևս Երևանի բնակիչ չէ, այլ Կոտայքի մարզի, փաստորեն՝ Երևանի պոետն ապրում է Երևանից դուրս, ինքն էլ դա չգիտեր, բայց նա մնում է մեր ընկերն ու բարեկամը, գրեթե ամեն օր այցելում է կուսակցության գրասենյակ, այսօր ասաց, որ Սա Երևանն է ․․ իր երգը պետք է ուղեկցի մեզ քարոզարշավի ընթացքում։

Ինչ վերաբերում է Կարեն Սարգսյանին, մենք ձգտում էինք դաշինքով մասնակցել այս ընտրություններին, սակայն բավական անհեթեթ պատճառով՝ պարզվեց, որ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը չի նորացրել իր կանոնադրությունն՝ ըստ ՀՀ նոր օրենքի, ֆիզիկապես էլ չէին հասցնի, սակայն իրենք առարկեցին, կարծես գտանք այլ լուծում՝ իրենց թեկնածուներին պարզապես ներառենք մեր ընտրացուցակում, Կարենն էլ առաջնորդեր այն, ես՝ երկրորդը, սակայն մեր գործընկերների պահանջները մեզ համար տարօրինակ և անընդունելի էին, նրանք առաջարկում էին, որ առաջին տասնյակում լինեն հնչակ 8 թեկնածուները, որի դեպքում ՀԵՎԿ-ում ինձ ճիշտ չէին հասկանա, դա անազնիվ է, և դա չի համապատասխանում ՀՀ օրենքին, ըստ որի՝ կարելի է ներառել ոչ կուսակցականների միայն 30 տոկոսին։ Այո, կարելի էր ինչ որ բան մագոնել, սակայն դա արդեն ազնիվ ու արդար չէր լինի, երբ մենք խոսում ենք մաքուր ընտրությունների, անկեղծության, ազնվության մասին ու կթվար, որ մենք պարզապես վաճառում ենք տեղերը, իսկ մենք երբեք նման բանով չենք զբաղվում։ Մենք առաջարկեցինք ամեն տասնյակում 3, ամեն եռյակում 1 տեղ, ինչը մերժվեց, մենք կորցրեցինք հնչակյանների ֆինանսական աջակցությունը,  վերջին պահին հասցրեցինք հավաքել ընտրագրավը ու համեստ քարոզարշավ ենք իրականացնելու։ Կարեն Սարգսյանն էլ հրաժարվեց ընտրապայքարից։ Արդյունքում ես եմ առաջնորդում մեր կուսակցության ընտրացուցակը։

Իսկ հետընտրական դաշինքներ պատկերացնում եք, և՝ եթե այո, ապա ինչպես՝ իշխանությունը պահելու, թե՝ նոր իշխանություն ձևավորելու տարբերակով։

Անկեղծ, ես տարիներ շարունակ փորձել և փորձում եմ ստեղծել կամ մասնակիցը լինել ժողովրդական դաշինքի, որը չի հաջողվում, ուստի՝ շատ կասկածում եմ, որ ընտրությունների ընթացքում մենք որևէ նման դաշինքի կգնանք։ Մենք դառը փորձ ունենք, մարդիկ, ովքեր մեզ հետ բանակցում էին՝ հանկարծ ու առանց զգուշացնելու, անհեթեթ պատճառաբանություններով դաշինք չստեղծեցին։ Կարծում եմ, մենք պետք է պահպանենք եվրաինտեգրման ուղղությունը և դրանից ճշեղվենք, չզոհաբերենք որևէ երևակայական նպատակների։ Ոչ, մենք չենք պատրաստվում զիջումների գնալ ու կորցնել մեր գլխավոր նպատակը․ Երևանը պետք է առաջնորդի Հայաստանի Եվրաինտեգրման գործընթացը։

Ըստ Ձեզ, որոնք են մայրաքաղաքի երեք գլխավոր հիմնախնդիրները, որոնք դուք խոստանում եք լուծել։

Ամենակարևորը՝ քաղաքաշինական հիմնահարցը։ Երևանում ետխորհրդային տարիներին շարունակվեցին խորհրդային ժամանակաշրջանի սխալները։ Օրինակ․ մետրոյի կայարանները արտացոլում են խորհրդային մոդելը, որի արդյունքում ունենք երեք գրեթե դատարկ կայարաններ․ Գործարանային, Շենգավիթ, Չարբախ, որոնք նախատեսված էին արդյունաբերական գործարանների աշխատակիցների համար, արդյունքում փոշիացվել են միլիարդներ, դրա համար հիմա բիզնես կենտրոնները պետք է կառուցվեն այդ մետրոների կայարանների մոտ, այլ ոչ թե՝ կենտորնում։

Տրանսպորտային հարցի լուծման համար էլ, ես առաջարկել եմ մոդել․ վերգետնյա ուղիներով մետրոյի զարգացումը դեպի Հրազդանի կիրճ՝ միացնելով Հաղթանակի, Կիևյան և Դավթաշենի կամուրջները։ Դա նաև հնարավորություն կտա օղակաձև դարձնել մետրոն և այն կկապի Զվարթնոց օդանավակայանի հետ։ Դա հնարավոր է լուծել նաև մետրոն ԲԲԸ-ի վերածելով, օգտվելով մեր եվրոպացի խորհրդականների առաջարկած մոդելներից, որի արդյունքում ոչ թե պետությունն է ներդրում անում, այլ՝ մասնավորը։ Դրա օրինակը կա Եվրոպայում․ Լամանշի թունելը։

Երևանի համար ներկայումս ամենակարևորը կյանքի որակն է․ օդը, ջուրը և սնունդը։ Երևանը վերջերս զբաղեցրեց ամենաանմաքուր քաղաքների թվում 22-րդ տեղը՝ զիջելով միայն Չինաստանի ու Հնդկաստանի արդյունաբերական կենտրոններին։ Մենք զրկվել ենք ծանր արդյունաբերությունից, բայց ստեղծել ենք փոշոտ մայրաքաղաք։ Ժամանակին Թամանյանը լուծել է այդ խնդիրը, մենք վերադարձել ենք հնին, որովհետև կորցրել ենք մեր բնությունը։ Երևանը պետք է դառնա եվրոպական քաղաք, դա այն է, երբ հանրային տարածքները գերակայում են մասնավորի շահին, սոցիալական արդարությունը պետք է գերակայի։

Փոխարենը՝ մենք մայրաքաղաքի կենտրոնում ունենք հսկա շինություններ, որոնք անտերության են մատնված․ մեկը սբ․ Սարգիս եկեղեցու, քաղաքապետարանի ու Սիթիի մոտ հսկա ու մեծ հասարակական զուգարան հիշեցնոց գետնանցումն է, մյուսը՝ հենց Հանրապետության հրապարակի մոտ, երբեմնի Կենտրոնական հանրախանութի շենքը, որ պարապուրդի է մատնված։ Ինչ իրավունք ունի սեփականատերը, որ Արա Աբրահամյանն է, այդպիսի շինությունը մայրաքաղաքի կենտրոնում, անտերության մատնել։ Դա քաղաքից գողացված ժամանակ է ․․․

Դուք ինչպիսի քարոզարշավ եք պատրաստվում անցկացնել ու այն, ընդհանուր առմամբ, որքանով կլինի քաղաքակիրթ։

Ես կբռնվեմ ձեր վերջին բառից՝ քաղաքակիթ, որովհետև դա մեր միակ ելքն է, որովհետև մենք մրցում ենք միլիարդատերերի, ռուսական արբանյակների ու պետության հետ։ Մենք չունենք այդպիսի հնարավորություններ ու ճոխություն։ Օրենքը բավական հետաքրքիր է, կուսակցությունները վերահսկվում են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ինչը անմեղության կանխավարկածի հետաքրքիր չարաշահում է։ Այնուամենայինիվ, մենք ընդունել ենք այդ մարտահրավերը և ակնկալում ենք երևանցիների ողջամտությունը, եթե ուզում ենք ազատվել այս արատավոր շրջանակից ու դուրս գալ դեպի Եվրոպա։ Հուսով ենք, որ քաղաքացիները կընտրեն Եվրոպական կուսակցությանը, դրանով կօգնեն իրենք իրենց ու երիտասարդ սերնդին՝ ապրելու մարդավայել կյանքով ․․․

Ունեք նախընտրական կարգախոս։

Այո, մեր կարգախոսն է․ Մաքուր Երևան՝ բոլոր իմաստներով, և ֆիզիկապես, և՛ հոգևոր իմաստով։ Բացի այդ, մենք ունենք աշխատանքային կարգախոս, որն է․ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը պատրաստվում է Երևանում և ողջ Հայաստանում իրականացնել եվրոռեմոնտ, ևս բոլոր իմաստներով։

Եվ վերջում․ Ձեր կոչը երևանցիներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն։

Եթե դուք ուզում եք, որ ձեր երեխաները ստանան եվրոպական կրթություն, եթե դուք ուզում եք, որ առողջապահության ոլորտում ստանաք եվրոպական մակարդակի խնամք, եթե դուք ուզում եք առանց վիզաների ու ստորացուցիչ արգելքների ճանապարհորդել, եթե դուք ուզում եք, որ խաղաղություն լինի Հայաստանում և Արցախում, ապա ընտրեք Հայաստանի Եվրոպական կուսակցությանը։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights