October 5, 2023

Ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

«Լաչինի միջանցքի արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է, և ՀՀ կառավարության մասնավոր հատվածի՝ Ֆրանսիայի կողմից ԼՂ-ի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միևնույն ժամանակ, հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է լարված մնալ: Իրավիճակի միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով: Միևնույն ժամանակ, մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցեց, որ այս պահին էլ ՀՀ-ում են գտնվում ԼՂ բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ. «Նրանցից շուրջ 5000-ը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայության էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հայության հեռացումն է, լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով:

«Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա: ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights