September 22, 2023

Սպանություն Երևանում. վիճաբանության հետևանքով դանակահարված 19-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Հիվանդանոց են մեկնել ոստիկաններ ու քննիչներ, որոնք պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Նարեկ Գ.-ն է։

Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում Հ. Հովհաննիսյան փողոցի 119 շենքին հարակից զբոսայգում վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Գ.-ի և Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Բ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Նարեկ Գ.-ի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի վայրում՝ զրուցարանի մոտ, հայտնաբերվել է գարեջրի մոտ 30 դատարկ շիշ, հողաթափ և գլխարկ, որոնք քննիչն առգրավվել է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արթուր Բ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights