October 5, 2023

Սուրեն Պետրոսյան․ Պայքարիր՝ հանուն ինքնության և արժանապատվության

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 14 կուսակցություններից մեկն էլ Ժողովրդավարական համախմբումն է, որի առաջնորդ Սուրեն Պետրոսյանի հետ է մեր հարցազրույցը։

Պարոն Պետրոսյան, որն է Լաչինի միջանցքի հիմնահարցի լուծման ձեր բանաձևը։

Առանձնահատուկ բանաձև չկա։ Մնեք չենք կարող պատերազմ հայտարարել միայն Լաչինի միջանցքի համար։ Սա համապարփակ խնդիր է․ Այն, ինչը այսօր կատարվում է Արցախում՝ ուղղակի արտահայտումն է մեր քաղաքական դաշտի առաջնահերթությունների, մեր տեսլականի, այն պարզապես հետևանքն է, ոչ պատճառը։ Դրա համար մենք ոչ թե պետք է անընհատ պայքարենք հետևանքների դեմ, այլ պատճառները պիտի վերացնենք, որ հետևանք չլինի։

Միայն զուտ Լաչինի միջանցքը բացելու համար երկու տարբերակ կա, բացել Ակնայի ճանապարը, կբացեն նաև Լաչինինը, որից մի քանի օր հետո նորից կփակեն վերջինս ու կասեն ձեր հիմնական ճանապարհը Ակնայինն է, որպես ԼՂ-ն Ադրբեջանի մաս։ Ինչու է այսպես, որովհետև նպատակ չկա դրված, որ Արցախը պիտի լինի հայկական, մնացածի մասին խոսելն անիմաստ է։

Այնուամենայնիվ հարցնեմ․ Ինչ ակնկալիքներով եք առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում։

Մենք սկսել ենք մի հեղափոխություն, որն անվանել ենք՝ Հանուն ինքնության, որը խորքային առումով ենթադրում է վերարժևորման գործընթաց։ Ինչպես մեր իրականության, այնպես էլ՝ մեր դերի վերաիմաստավորում։ Դրա հիմքում է պայքարի օրակարգը։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա կնկատենք իշխանական կամ՝ առհասարակ մեր ամբողջ խոսույթը միայն հանձնվելու և համակերպվելու մասին է։

Դա ինչ կապ ունի Երևանի ավագանու ընտրությունների հետ, ներեցեք։

Հիմա կասեմ, երբևէ չի եղել, որ որևէ ազգ աղերսի խաղաղություն ու չստանա պատերազմ։ Բոլորս գիտենք, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգնած՝ Երևանից սկսած Տավուշով ավարտած, չկա մեկը, ով կարող է երջանիկ հանգիստ լինել։ Մի կողմից անթիվ – անհամար անորոշություններն են, մյուս կողմից խորքային նվաստացում և ստորացում։

Քաղաքական դերակատարներն են ձևավորում հասարակության պահանջները, կարևորն անկարևորից տարբերելը, մենք Երևանում գործ ունենք հանրապետության ազգաբնակչության 50 – 60 տոկոսի հետ։ Ուստի՝ շատ կարևոր է, թե մենք ինչպիսի օրակարգ ենք տալիս իրենց։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք որպես լեգիտիմ հարթակ հասարակության կեսից ավելիի հետ հարաբերվելու համար, որպեսզի տրամադրենք մեր՝ Հեղափոխություն հանուն ինքնության օրակարգը։ Մեր՝ բոլորիս խնդիրն այսօր մետրոն, ճոպանուղին, ճանապարհները չեն, այլ՝ ինքնությունը։

Քանի տարվա կուսակցություն է Ժողովրդավարական համախմբումը։

Երկու։

Այդ երկու տարվա մեջ քանի անգամ եք փորձել ժողովրդավարական համախմբում իրականացնել։

Բառի վրա պետք չէ կենտրոնանալ, ժողովրդավարական համախմբումը քաղաքական կատեգորիա է, եթե Սահմանադրության անփոփոխելի հոդվածով ժողովրդավարական պետություն ենք, ապա ամենակատարյալ տարբերակը՝ համախմբված ժողովրդավարությունն է։ Ամենակարևորը՝ ժողովրդավարություն ունենալը չէ, այլ այն դիտվում է որպես միջոց՝ կենսունակ և արդյունավետ պետություն ձևավորելու համար։

Հետընտրական դաշիննքեր պատկերացնում եք, և եթե այո, ապա իշխանական թևը պահելու, թե նոր իշխանություն ձևավորելու համար։

Այս պահին ես կարող եմ խոսել մեր կարմիր գծի մասին, դա այն է, որ մենք երբեք չենք կարող կոալիցիա կնքել գործող իշխանության, նրանց արբանյակ ուժերի հետ։ Բանը ներքաղաքական խնդիրների մեջ չէ, սա արդեն արժեքային հարց է։ Մենք նաև կոալիցիաների չենք գնա նախկին վարչակարգը ներկայացնող կամ՝ նրանց ածանցյալ, արբանյակ կառույցների հետ։ Իսկ թե դրանցից բացի այլ ուժերից որոնք կհաղթահարեն անցումային շեմը՝ կորոշենք, անուններ չասեմ, որովհետև իրականում չեմ ճանաչում նրանց՝ միայն խոսույթով չենք կարող ճիշտ կողմնորոշվել։ Այստեղ խնդիրը բացարձակ չհիմնավորված ամբիցիաները չեն, իբր մենք ամենալավն ենք ․․․ կամ պետք է ամբողջությամբ ձևավորվի նոր օրակարգ, որն իր հետ կբերի նոր դերակատարների, կամ՝ չի ձևավորվում ու ոչինչ էլ չի լինում։

Դուք ինչպիսի քարոզարշավ եք պատրաստվում իրականացնել ու՝ ընդհանուր առմամբ, այն որքանով կլինի քաղաքակիրթ։

Չեմ կարող կարծիք հայտնել, մյուս կողմից՝ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ մակարդակի քարոզարշավ կլինի՝ ընդհանուր առմամբ։ Ասեմ ինչու, որովհետև ես որևէ կերպ չեմ պատրաստվում շեղվել մեր օրակարգից։ Եթե որևէ մեկը փորձի մյուսներին պարտադրել ոչ քաղաքակիրթ օրակարգ, դա չի կարող մեզ ստիպել գնալ այդ ճանապարհով կամ՝ արձագանքել դրան։

Մեր կողմից լինելու են տեսաուղերձներ, աշխատելու ենք հանրության կլիշեների վրա, լինելու են բակային հանդիպումներ, որոնք կսկսենք մի քանի օրից, կլինեն նաև ոչ հանրային հանդիպումներ, ԶԼՄ-ներ, սոցիալական ցանցեր՝ բոլոր հնարավոր գործիքակազմերը կօգտագործենք։

Այսինքն՝ քաղաքացիներին պոպուլիստական խոստումներ չեք տալու։

Պոպուլիստական խոստումներին՝ ես իրականում, դեմ եմ։ Դրանք կարող են լինել էմոցիոնալ, բայց ոչ երբեք, խորքային առումով, պոպուլիստական։

Լավ, իսկ որևէ կերպ անդրադառնալու եք մայրաքաղաքի սոցիալական հիմնախնդիրներին։

Բացարձակ։ Ոչ։ Բոլորիս մոտ այն տպավորությունն է, որ ով ասում է վերելակը կսարքեմ, կամ՝ ասֆալտ կանեմ, դրանով նրանք մի մե՜ծ բարեգործություն են անում մեզ՝ բոլորիս համար։ Իրականում, դա նրանց ամենօրյա պարտականությունը, աշխատանքը պիտի լինի։ Պետք չի դա մեզ վրա վաճառել։

Այդ դեպքում, որքան եք գնահատում ԺՀԿ-ի հնարավորությունները, որ կհաղթահարեք անցողիկ շեմը։

Չեմ կարող ասել, ամբողջությամբ կախված է մեր քարոզարշավից ու, թե ինչ հստակությամբ, կամ՝ որքանով մատչելի կարող ենք ներկայացնել մեր օրակարգերը, բայց սա ոչ թե քաղաքապետի ընտրություն է, այլ ամբողջի մի մասնիկը, իսկ քաղաքապետի ընտրությամբ որևէ բան չի ավարտվում, մեր կարծիքով՝ սկսվում է նոր, հաջորդ, ավելի ինտենսիվ փուլը՝ մեր օրակարգը ներկայացնելու համար։

Հիշում եք, 2018 թ․ աշնանը, ևս Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Փաշինյանն ասում էր՝ մենք գտնվում ենք պատմական փոփոխության փուլում, սա Երևան քաղաքի ընտրություններ չէ, սա հեղափոխությանը այո ասելու ընտրություն է, որտեղ ձեր ապագան է որոշվում։

Այսինքն՝ այն ժամանակ իրավիճակը կրիտիկական էր, որտեղ մենք իրավունք ունեինք մեզ թույլ տալ շեղվել զուտ ՏԻՄ ընտրություններից, իսկ այսօր շատ ավելի կայուն իրավիճակ է, որտեղ մենք իրավունք չունենք այլ խոսույթ բերել, ով ասաց ․․․ Այն ժամանակ իշխանության կողմից դրվեց այն օրակարգը, բոլորը հետևեցին դրան, հիմա՝ դրվել է այս՝ ՏԻՄ, սոցիալական օրակարգը, բոլորը խելոք հետևում են դրան։

Որն է ձեր նախընտրական կարգախոսը։

Պայքարիր, Երևան։ Պայքարիր՝ ընդդեմ անզորության ու նվաստացման, պայքարիր՝ հանուն ինքնության և արժանապատվության։

Եվ վերջում, ձեր կոչը երևանցիներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել՝ ում ընտրել։

Ոչ թե կոչ, այլ՝ խնդրանք է, որ հնարավորինս ակտիվ մասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին, երբեք չհավատան, որ իրենցից որևէ բան կախված չէ, որ իրենց փոխարեն ամեն ինչ որոշված է, որ իրենք անզոր են ․․․ մենք պատմության ընթացքում ունեցել ենք բազում թշնամիներ ու էլի կունենանք, բայց մի թշնամին մնացել է անփոփոխ, դա այն մարդիկ են, ովքեր կոտրում են մեր հույսը, ջարդում մեր պայքարելու կամքը և ասում, թե մենք այլևս անզոր ենք։ Սա միակ թշնամին է, որ հավերժ մնացել է մեր հետ։ Դրա համար խնդրում եմ, որ մեր քաղաքացիները չտրվեն նման խոսույթներին ․․․

%d bloggers like this:
Verified by MonsterInsights