September 26, 2023

Ակո՜ւնք իմաստության … ոնց էլ գլխի ընկավ

Կառավարության վերջին նիստում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանճարեղ հայտարարություն արեց: ՔՊ-ի ղեկավարը մասնավորապես նկատեց. «Առանց առաջին և երկրորդ երեխան ունենալու, հնարավոր չէ երրորդ և չորրորդ երեխան ունենալ»:

«Փաստ» օրաթերթը գրում է. Այո, Նիկոլ Փաշինյանն ուղղակի հիացնում է իր կուռ տրամաբանությամբ, և շատերի համար գաղտնիք է մնում, թե նա ո՞նց գլխի ընկավ, ի՜նչ հունարով արտածեց այդ հանճարեղ, մինչ այժմ չլսված տրամաբանական անվիճելի հետևությունը: Այդպես էլ ուզում ես ասել՝ ակո՜ւնք իմաստության: Եթե ավելի լուրջ (որքանով դա հնարավոր է), ավելի շատ ուշադրություն գրավեց Նիկոլ Փաշինյանի աշխատանքի և սոցհարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի ինքնագովաբանական, կառավարափառաբանական ելույթը:

Ներկայացնելով վիճակագրական կոմիտեի տված տվյալները՝ հայտարարեց, թե՝ 3-րդ և հաջորդ ծնված երեխաների թվով 2005 թվականից սկսած (իսկ մինչ այդ ուղղակի չկա վիճակագրություն) ունենք ռեկորդ: «Այսինքն, 2022 թվականի ամփոփմամբ Հայաստանում ծնվել է 11956՝ 3-րդ և հաջորդ երեխա։ …Այսինքն՝ միայն 5 տարվա մեջ 3-րդ և հաջորդ ծնված երեխաների 50 տոկոս աճ ունենք»,-նիստում հայտարարեց փոխնախարարը: Եվ, որպես ինքնագովասանքի կուլմինացիա, նա նշեց. «Միանշանակ կարելի է փաստել, որ կառավարության կողմից վերջին 5 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը, հատկապես 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան կապակցությամբ, բավականին արդյունք են տվել»:
Թվում է՝ մարդը դրական բան է ասում՝ դրական երևույթի վերաբերյալ: Բայց իրականում սա ցինիզմ է, որովհետև խոսում է վերջին 5 տարում հազարավոր երեխաների «գլուխ կերած», մի ամբողջ սերնդի լավագույն հազարավոր երիտասարդների մահվան մատնած, Եռաբլուրը բազմապատկած իշխանության ներկայացուցիչը: Սա՝ մեկ: Երկրորդը՝ մեծ աղետներից, ողբերգություններից հետո, որպես կանոն, արձանագրվում է «բեյբի բում»՝ ծնելիության աճ: Սա համամարդկային երևույթ է: Օրինակ՝ 1988-ի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանում նման երևույթ արձանագրվել է՝ 1989-90 թվականներին: Այսինքն, այստեղ որևէ կառավարություն ուղղակի կապ, մեղմ ասած, չունի: Երրորդ՝ Փաշինյանի իշխանությունը, զոհվածների ծնողների բնական ցասումը մեղմելու, զոհվածների ծնողների «սիրտը շահելու» հաշվարկներով, թաքցնելու բան չէ, որոշակիորեն խթանում է, որ որդեկորույս ընտանիքներում նորից երեխա ունենան:

Չենք ցանկանում այդ երևույթի այլ կողմերին անդրադառնալ, շատ նուրբ հարց է: Բայց եթե զուտ վիճակագրորեն խնդրին մոտենանք, ապա դա ևս ազդել է փոխնախարարի ներկայացրած գովաբանական տվյալների վրա: Այսինքն, իրենց արկածախնդիր (եթե ավելին այստեղ չասվի) «քաղաքականությամբ» հազարավոր լուսավոր տղաների մահվան են մատնում, հետո զոհվածների ծնողներին «խթանում» են էլի երեխա ունենալ, հետո գլուխ են գովում, թե՝ տեսեք, ծնելիության ցուցանիշն աճել է: Իսկ մահերը՝ հե՞չ, անցա՞վ, գնա՞ց, մոռացա՞նք… Չորրորդ՝ չմոռանանք նաև, որ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստան եղել է բնակչության նկատելի ներհոսք թե՛ Ռուսաստանից, թե՛ ասիական երկրներից, մասնավորապես՝ Հնդկաստանից, հիմնականում վերարտադրողական տարիքի անձանց տեսքով, ավելին՝ ռելոկանտների մեծ մասը երիտասարդ ընտանիքներ են:

Պարզ է, չէ՞, որ վիճակագրությունը նրանց երեխաների ծնունդներն էլ է ներառում: Բայց, դե, փաշինյանական իշխանության համար կարևորը «փուչիկ» լինի՝ փչեն, ինչպես ասվում է, միանշանակ ու աներկբա:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights