September 22, 2023

«Ապրելու երկիր» կուսակցության նվիրատուները, ով ով է, ինչ ունի, ինչ է նվեր ստացել

Երեւանի ՏԻՄ ընտրություններում առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցությունը, ըստ օրենքի պահանջի, ԿԸՀ է ներկայացրել կուսակցության, ինչպես նաեւ ավագանու անդամ առաջադրված թեկնածուների հայտարարագրերը։

https://armtimes.com/ՌԴ-ում մեծ կապտալ դիզած, «փողերի լվացման» «մասնագետ», ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հովանին ու աջակցությունը ստացած այս կուսակցությունը, դատելով ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից, ֆինանսական առումով բնավ խեղճ չէ։

Նախքան հայտարարագրերին անցնելը՝ նկատենք՝ «Ապրելու երկիր» կուսակցության պաշտոնական կայքում նշված է, որ այն հիմնադրվել է 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ ԼՂ երկրորդ պատերազմից հետո՝ նպատակ ունենալով քաղաքական քայլերով երկիրը դուրս բերել տնտեսական, անվտանգային, ճգնաժամային իրավիճակից։

Ընթերցողին ծանուցենք, որ այս կուսակցությունը անվանափոխված, այսպես ասած՝ ռեբրենդինգի ենթարկված «Առաքելություն» կուսակցությունն է, որի համահիմնադիրներից է Մեսրոպ Առաքելյանը։ 2018-ի Երեւանի ՏԻՄ ընտրություններին այս կուսակցությունը ՔՊ-ի հետ դաշինք կազմեց՝ ձեւավորելով «Իմ քայլը» խմբակցությունը, ՔՊ-ի հետ դաշինքի կազմում մասնակցեց նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին։ Մեսրոպ Առաքելյանը, որը վարչապետ Փաշինյանի խորհրդականն էր, 2020-ի նոյեմբերի 20-ին նշանակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, իսկ 2021-ի ապրիլին ազատվեց պաշտոնից՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով, սակայն․․. ինչ-ինչ հանգամանքներ  խանգարեցին։

Քանի որ քարոզարշավի առաջին օրը Ռուբեն Վարդանյանն իր՝ կուսակցությանը հղված ուղերձում արծարծեց «նախկինների եւ ներկաների» թեման, ապա թերեւս պետք է նշել, որ իր հովանավորյալ կուսակցության առաջին դեմքերը ունիկալ կարգավիճակ ունեն՝ ներկա իշխանության նախկին անդամներն են, բարձր, պատասխանատու պաշտոններ են ստացել ներկաների օրոք եւ նախկին դարձել դարձյալ․․․ ներկաների օրոք։ Առաքելյանը, փաստորեն, խորհուրդներ է տվել Փաշինյանին, ապաեւ՝․․․․ Վարդանյանին։

Ի դեպ, ավագանու անդամ է առաջադրվել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ նախկին անդամ՝ պատմաբան Գոռ  Գեւորգյանը, որը 44-օրյա պատերազմի ավարտից  հետո լքեց խմբակցությունը։ Ընթերցողը Գեւորգյանին կհիշի ԱԺ ամբիոնից ունեցած իր՝ ֆուրոր առաջացրած ելույթով, որի ժամանակ վերջինս գրաբարով արտաբերեց «Պողոս առաքյալի» խոսքերը։

Ի՞նչ է հայտարարագրել կուսակցությունը

«Ապրելու երկիր» կուսակցության, որը գտնվում է Նորք-Մարաշում (պետական գրանցման տարեթիվ՝ 2013 թ․) դրամական միջոցները հայտարարագիր ներկայացնելու օրը (23․08․2023 թ․) կազմել են 481 հազար 263 դրամ։ Այս քաղաքական ուժը, սակայն, սոլիդ եկամուտներ է ստացել նվիրատվությունների տեսքով, նվիրատուները, սակայն, հանրությանը անհայտ դեմքեր են, եւ նրանց մեջ բացակայում է կուսակցության գլխավոր հովանավորի՝ Վարդանյանի անունը։ Նվիրատվությունները սկսվում են 300 հազար դրամից եւ հասնում մինչեւ 2 միլիոն 300 հազար  դրամի։ Մասնավորապես առատաձեռն նվիրատուներից են Նարեկ Հրայրի Մարգարյանը, որը նվիրաբերել է 2 մլն 300 հազար դրամ, նույն չափի նվիրատվություն է կատարել նաեւ Ժորա Լեւոնի Գեւորգյանը։ Նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 30 մլն դրամ։

Ի՞նչ է հայտարարագրել նախընտրական ցուցակի առաջին եռյակը

«Ապրելու երկրի» նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա հաշվառված է Երեւանի Զաքյան փողոցում։ ՀՀ աշխատանքի եւ սոցապ նախկին նախարարը այս փողոցում գտնվող մեկ՝ 54,9 ք/մ մակերեսով բնակարանի համասեփականատերն է։ Նա հայտարարագրել է նաեւ Ալավերդի համայնքում գտնվող 95 ք/մ մակերեսով մեկ բնակարան, որը համատեղ սեփականության իրավունքով է նրան պատկանում։ Կուսակցության նախագահ 45-ամյա Թանդիլյանը ոչ մի տեղ չի աշխատում եւ որպես եկամուտ հայտարարագրել է 5 հազար ԱՄՆ դոլար, որը որպես օգնություն ստացել է Դավիթ Գեւորգյանից։ Թանդիլյանի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել են 180 հազար դրամ եւ 15 ԱՄՆ դոլար։

Ուշագրավ է մասնավորապես կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարի՝ Ռուբեն Վարդանյանի՝ ԼՂ պետնախարար եղած ժամանակ խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հայտարարագիրը (այն ձեռագիր է լրացված եւ որոշ տողերում՝ անընթեռնելի)։ Նա Երեւանում իրեն սեփականության իրավունքով պատկանող երկու բնակելի տուն է հայտարարագրել. մեկը՝ 125, մյուսը՝ 208 ք/մ մակերեսով, եւս մեկ բնակարան՝ Երեւանում՝ 87 ք/մ մակերեսով, մեկ բնակարան էլ՝ Ծաղկաձորում՝ 52 ք/մ մակերեսով, ինչպես նաեւ մեկ հողամս՝ գյուղ Արգելում՝ 0,53 հա մակերեսով։

Որպես շարժական գույք Առաքելյանը հայտարարագրել է 2015 թվականի արտադրության Genesis Hyսndai ավտոմեքենա։ Որպես աշխատավարձ նախկին նախարարը հայտարարագրել է 13 մլն 568 հազար դրամ, որը ստացել է Ֆիդես ՈՒՎԿ-ից (հիփոթեքային այս ՓԲԸ-ի միակ բաժնետերը ԼՂ ներդրումային հիմնադրամն է՝ 100 տոկոս մասնակցության չափով), Երեւանի հումանիտար քոլեջից ստացած 18 հազար 407 դրամը, «Արդշինբանկ»-ից ստացած 137 հազար 652 դրամը, Երեւանի պետական համալսարանից ստացած 234 հազար 329 դրամը։ Ավագանու անդամի դրամական միջոցները կազմում են 2 մլն 396 հազար 760 դրամ։ Առաքելյանը հաշվառված է Նորքի 1-ին նրբանցքում, 30/2 հասցեում (ճիշտ նույն հասցեում է գրանցված նաեւ կուսակցությունը)։ Նախկին պաշտոնյայի բնակության վայրը Երեւանի Արմենական փողոցն է։

Ապրելուերկրական՝ ցուցակի երրորդ համարը զբաղեցնող 37-ամյա Դավիթ Մարգարյանը նույնպես պատկառելի գույք ունի։ Նա բնակվում է Երեւանի Չեխովի 34 հասցեում, աշխատում՝ «Տեղական ժողովրդավարության դպրոց» հիմնադրում՝ որպես տնօրեն։ Նա սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ բնակարան, մեկ ավտոտնակ է հայտարարագրել Երեւանի Չոխովի փողոցում։ Որպես անշարժ գույք թեկնածուն նշել է նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք՝ 123,4 ք/մ մակերեսով, ինչպես նաեւ նույն հասցեում 27,46 ք/մ մակերեսով 1 ավտոկայանատեղիի իրավունք։

Մարգարյանը նաեւ երեք հողամաս ունի Արագածոտնի մարզի Եղիպատրուշ համայնքում՝ 1 հա, մոտ 1,55 հա եւ 0,37 հա մակերեսով։ Որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է մի շարք ՀԿ-ներից ստացած գումարը։ Մասնավորապես՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ից ստացած 724 հազար 250 դրամ աշխատավարձին հավասարեցված վճարը, Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ից ստացած 389 հազար դրամ աշխատավարձին հավասարեցված վճարը, «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ-ից ստացած 60 հազար դրամը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից ստացած 36 հազար դրամը, «Տեղական ժողովրդավարության դպրոց» հիմնադրամից ստացած 153 հազար դրամ աշխատավարձը, ինչպես նաեւ ձեռնարկատիրական գործունեությունից՝ Դավիթ Աշտի Մարգարյան ԱՁ-ից ստացած 4 մլն 298 հազար 500 դրամը։

Մարգարյանի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 3 մլն 650 հազար դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար, 5 հազար 400 Եվրո։

Փաստորեն, նախընտրական եռյակի «ամենաաղքատը»․․․ քաղաքապետի թեկնածուն է։

%d bloggers like this:
Verified by MonsterInsights