September 24, 2023

19-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. 17 տարեկան կասկածյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Օգոստոսի 24-ին՝ ժամը 1.20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տարվել 2004 թ. ծնված Նարեկ Գուրյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել անհետաձգելի գործողություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը մահացու վնասվածքը ստացել է նույն օրը, կեսգիշերից րոպեներ անց, Հ. Հովհաննիսյան փողոցին հարակից զբոսայգում, սակայն սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի անձն արագ պարզել չի հաջողվել:

Պարզվել է, որ զբոսայգում վիճաբանություն է առաջացել Նարեկ Գուրյանի և 2006 թ. ծնված մի պատանու միջև, որի ընթացքում էլ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով պատանին հարվածել է:

Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 15.30-ին, կասկածյալ պատանին ինքնակամ գնացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և ներկայացվել քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

%d bloggers like this:
Verified by MonsterInsights